շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արդեն ունենք առաջին պատվիրատուները՝ լիցենզիան ստանալուն պես լիարժեք ձեռնամուխ կլինենք մեր աշխատանքներին․ արցախցիների հիմնադրած «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿՍ» ճարտարապետական  ընկերությունը իր գործունեությունն է սկսում ՀՀ-ում

Արդեն ունենք առաջին պատվիրատուները՝ լիցենզիան ստանալուն պես լիարժեք ձեռնամուխ կլինենք մեր աշխատանքներին․ արցախցիների հիմնադրած «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿՍ» ճարտարապետական ընկերությունը իր գործունեությունն է սկսում ՀՀ-ում

Արցախից տեղահանվելուց հետո արցախցի մեր հայրենակիցներից շատերը, փորձելով հաղթահարել առաջին դժվարությունները, ձեռնամուխ են եղել վերսկսել իրենց գործունեությունը Մայր Հայրենիքում՝ հիմնականում ավանդական սննդի և գյուղատնտեսության ոլորտներում։ Այս առումով, առանձնանում է «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿՍ» ընկերությունը, որը Հայաստանում դեռևս առաջին ու միակ արցախյան ընկերությունն է՝ մասնագիտացած ճարտարապետության և դիզայնի ոլորտում։ Այն հիմնադրել են Արցախի Քաղաքաշինության նախարարության հինգ նախկին աշխատակիցներ։ «Դե Արցախ վերադառնալու հույս այլևս չկա, Մայր Հայրենիքից գնալու ցանկություն ու իմաստ էլ չենք տեսնում։ Ուստի որոշեցինք մեր գիտելիքն ու փորձը ներդնել այստեղ, փորձել կայանալ հայաստանյան շուկայում, ստեղծելով նոր աշխատատեղեր, առաջարկելով նոր մոտեցումներ՝ ավանդական արցախյան և հայաստանյան ճարտարապետական առանձնահատկությունների միաձուլմամբ»,- InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է  «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿՍ-ի» գլխավոր մասնագետ Արամ Գասպարյանը։

Զրույցը շարունակում ենք ընկերության տնօրեն Դավիթ Սահակյանի հետ

-Պ-ն Սահակյան, ինչպե՞ս որոշեցիք Հայաստանում հիմնադրել այս ընկերությունը՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները և բարձր մրցակցությունը։

-Գիտեք, մեր թիմի բոլոր անդամները ոլորտի մասնագետներ են, Արցախում բոլորս զբաղվում էինք ճարտարապետությամբ՝ բառի ամենա լայն իմաստով։ Բոլորս աշխատում էինք Արցախի քաղաքաշինության նախարարությունում, ունեինք մեծ փորձ՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին Արցախում թափ ստացած շինարարական բումը։ Հասկանալի է, որ, գալով Հայաստան, պետք է զբաղվեինք մեր մասնագիտական գործունեությամբ։ Որոշեցինք հիմնել սեփական ընկերություն և սկսել զրոյից։ Հուսով ենք, կհաջողենք։ Դեռ, որ հինգս ենք զբաղվում, բայց նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ կայանալ ու զարգանալ, բացելով նոր աշխատատեղեր, ներգրավելով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, քանզի այսօր աշխատանքի բացակայությունը նրանց համար շատ սուր խնդիր է։ Նույնիսկ գրասենյակի տարածքն ենք ավելի մեծ վերցրել՝ հետագայում նոր աշխատակիցներով համալրվելու հեռանկարով։        

-Դժվար չէ՞ր նորից ամենը սկսել զրոյական կետից։

-Դժվար էր իհարկե, ինչ խոսք, բայց ինչ արած։ Մենք Արցախում թողեցինք ամեն ինչ, նույնիսկ մասնագիտական գրականությունը չկարողացանք բերել։ Այստեղ ստիպված էինք մեկ առ մեկ հայթայթել մեզ անհրաժեշտ մասնագիտական գրքերը։ Այս գրքերը տեսնու՞մ եք (ձեռքով ցույց է տալիս գրասենյակի անկյունում տեղակայված խնամքով շարված մասնագիտական գրականությամբ գրապահարանը), այսօր ամբողջ օրը այս գրքերն ենք դասավորել ՝ երկու շաբաթ ամեն օր գնացել եմ «Վերնի Սաժ», որ հատիկ-հատիկ ձեռք բերեմ դրանք։ Դե տեխնիկայի, կահույքի մասին էլ չխոսեմ։ Բայց ընդհանուր ոնց որ լավ է ստացվել՝ ճաշակով ու կոկիկ (ժպտում է)․․․      

-Կմանրամասնե՞ք, ոլորտային ի՞նչ ուղղությունների վրա է մասնավորապես մասնագիտացված նորաբայց այս ընկերությունը։ 

- Մենք զբաղվում ենք ճարտարապետությամբ, շիննախագծերի մշակմամբ, տեխնիկական գնահատմամբ և հսկողությամբ, նախագծա-նախահաշվարկային գործունեությամբ, ներքին, արտաքին և լանդշաֆտային դիզայնով, տրամադրում ենք ոլորտային խորհրդատվություն, իրականացնում ենք ինժեներական ներքին և արտաքին կոմունիկացիոն աշխատանքներ․․․ Մի խոսքով չկա ոլորտին առնչվող մի ուղղություն, որը դուրս լինի  «ԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿՍ-ի» ծառայությունների շրջանակից, քանզի ինչպես նշեցի, մենք Արցախում իրականացրել ենք ոլորտին առնչվող բազմապրոֆիլ աշխատանքներ՝ թե հասարակական շինությունների, թե բնակելի թաղամասերի, թե արտադրական և նույնիսկ ռազմական նշանակության շինությունների նախագծեր։

-Ի՞սկ մտավախություն չկար շուկա մուտք գործելի՞ս, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները ու բարդությունը, հայաստանյան շուկայի պահանջարկի սպեցիֆիկան և բարձր մրցակցությունը։  

-Դե գիտեք ինչ, եթե նստենք մտածենք՝ կստացվի, թե ոչ, ոչ մի բան էլ չենք սկսի այդպես, պետք է անել և սեփական փորձով համոզվել։ Երկրորդը, ինչպես արդեն նշեցի, մենք այս ոլորտում ունենք մեծ փորձ, մեր մասնագետները Արցախում պատվով իրագործեցին վերջին տարիների աննախադեպ ծավալների շինարարական ծրագրերը։ Եվ թող անհամեստ չհնչի, մենք մեր մասնագիտացմամբ ոչնչով չենք զիջում հայաստանյան մասնագետներին։ Ճիշտ է, այստեղ ոլորտը ունի իր առանձնահատկությունները, բայց և այնպես էլ չէ, որ բոլորովին այլ ճարտարապետական ստանդարտներ են գործում, խոսքը՝ մի հայրենիքի երկու հատվածների մասին է վերջիվերջո։ Նույնիսկ հակառակը՝ կարելի է համադրելով երկու ոճերի առանձնահատկությունները, ավելի հետաքրքրիր լուծումներ ստանալ և շուկայում առանձնանալ հենց այդ ուրույն ձեռագրով։   

-Կասե՞ք, ինչ դժվարությունների եք հանդիպել Հայաստանում ձեր գործունեությունը ծավալելիս։

-Առաջնայինը՝ բյուրոկրատական քաշքշուկն է։ Այստեղ թղթաբանությունը ավելի շատ է, լիցենզիա ստանալու գործընթացը ավելի դժվար քան Արցախում։ Մենք իհարկե անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այժմ դրանք քննարկման փուլում են, այդ իսկ պատճառով դեռևս չենք կարողանում լիարժեք ձեռնամուխ լինենք մեր աշխատանքներին, չնայած որ արդեն ունենք առաջին պատվիրատուները։

Ճիշտ է, որոշակի խոսակցություններ կան այն մասին, որ ոլորտի արցախցի մասնագետների համար բացառություններ կարվեն՝ այսինքն նրանց թույլ կտան աշխատել Արցախի լիցենզիաներով, մինչև ՀՀ-ի լիցենզիաները պատրաստ կլինեն։ Սակայն այդ ամենը դեռևս խոսակցությունների մակարդակում է, կոնկրետ որևէ բան չկա։ Դե բայց հույսով ենք, որ հարցը կստանա շուտափույթ լուծում։ 

-Լիցենզիան ստանալուց հետո ձեր գործունեությունը ծավալելու եք միայն Երևանու՞մ, թե պատրաստ եք աշխատել նաև մարզերու՞մ։ 

-Արցախում մենք աշխատել ենք հանրապետության ողջ տարածքում, նույնն էլ պատրաստ ենք անել ՀՀ-ում։

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը՝ միայն մասնավոր հատվածի հետ եք համագործակցե՞լու, թե կմասնակցե՞ք նաև պետական տենդերներին։

-Աշխատանքները ողջ ծավալով սկսելուն պես՝ համագործակցելու ենք թե մասնավորի, թե պետության հետ՝ բոլոր այն ուղղություններով, որտեղ կներեն մեր մասնագիտական կարողությունները։ 

  • Կիսվել: