հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախյան գյուղմթերքը Ստեփանակերտի շուկայում է

Արցախյան գյուղմթերքը Ստեփանակերտի շուկայում է

Երկար դադարից հետո Ստեփանակերտի կենտրոնական շուկան կրկին մարդաշատ է։ Մշտական տաղավարների կողքին բացվել են նորերը․ գյուղացիներն են իրենց բերքն ու բարիքը բերել` քաղաքում առաջացած պահանջարկը բավարարելու համար։ Artsakhradio.am-ի լրագրողն է եղել շուկայում:

Հունիսի 8-ից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում գյուղացիներին անվճար տաղավարներ են տրամադրվել, որպեսզի նրանք կարողանան բերել ու վաճառել իրենց ապրանքը։ Միևնույն ժամանակ` գյուղացիներին հնարավորություն է ընձեռնվել գյուղմթերքը քաղաք հասցնել միջհամայնքային ավտոբուսներով։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է․ գյուղական համայնքի բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի` Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու նպատակով։ Ռայա Բաբալյանը վերավաճառող է, գյուղացիներից գնում է, նորից վաճառում։ Ասում է՝ քիչ է ավելացնում գինը։

— Շա՞տ եք բարձրացնում գինը:

Չէ, չէ, ուղղակի գյուղացին շատ թանկ է վաճառում։ Գյուղացուն էլ ոչինչ չես կարող ասել, ասում է իմ ապրանքն է, ես գիտեմ, ոնց կուզեմ, կվաճառեմ։ Անցած տարվա հաեմատ շատ թանկ է, ապրանքն էլ շատ քիչ է։ Նախորդ տարի օրական մի 15-20 տոննա ապրանք էր մտնում շուկա, դե, հիմա, անգամ, մեկ շաբաթվա ընթացքում այդքան ապրանք չի մտնում»։

Գյուղացիներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, վարունգ, լոբի, կանաչեղեն, սածիլներ է վաճառում։ Նախորդ տարվա հետ համեմատում ու բողոքում է՝ գներն անհամեմատ բարձրացել են։

«Նախորդ տարի վարունգի կիլոգրամը 200 դրամ էր, այս տարի 1500 է։ Լոլիկի կիլոգրամը 2500 դրամ է, տանձի կիլոգրամը 2500-3000 դրամ է»։

Վերավաճառողներից մեկը, որ կրկին չցանկացավ ներկայանալ, ասում է, որ 50-100 դրամ է ավելացնում յուրաքանչյուր ապրանքի վրա։ Հաստատում է՝ գյուղացիները բավականին թանկ են վաճառում իրենց ապրանքը, բայց նաև հասկանում է, որ նույն այդ մթերքը շատ ավելի դժվարությամբ են ստացել, քան մինչև շրջափակում։

«Գյուղացին մթերքը բերում է, ինչ գնով էլ ուզենա պետք է վաճառի, պարզ է՝ դա նրա չարչարանքի արդյունքն է։ Ապրանքը նախորդ տարվա համեմատ շատ քիչ է։ Հայաստանից լավ, որակյալ ու շատ ցածր գներով մթերք էին բերում։ Հիմա տեղական ապրանքները բավականին թանկ են։ Դա էլ եմ ես հասկանում, որովհետև և՛ տրանսպորտի հարց կա, և՛ չարչարանքը, և՛ հանգամանքներից օգտվելով, քանի որ պակաս է ամեն ինչը, չկա: Ես լրիվությամբ հասկանում եմ և՛ գյուղացիներին, և՛ գնորդներին, որոնց գրպանները դատարկվում են»։

Վաճառքի տաղավարին աչքի զարնող երկու հաստ թուղթ կա ուղղահայաց դրված, որոնցից մեկի վրա շրջափակման, մյուսի վրա կանաչիների մասին բանաստեղծություններ են։ Հարցին թե ով է, բանաստեղծությունների հեղինակը, զրուցակիցս կատակով է պատասխանում․ դեռ գլուխս աշխատում է, ես եմ գրել։ Պարզվում է զրուցակիցս լեզվի և գրականության ուսուցչուհի էր, շուկայում սկսել է աշխատել թոշակի անցնելուց հետո։

«Սեղանն առանց կանաչի՞,
տանտիրուհին կամաչի,
համն ու հոտը գերում է,
տեսնողն անպայման գնում է։
Գնե՛ք համեմ ու թարխուն,
չեք դիմանա մինչև տուն,
իսկ բուրավետ ռեհանը
զարդարում է սեղանը։
Բարին Ձեզ հետ»։

Նորից դառնանք գյուղմթերքի իրացման մասին որոշմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նաև տեղեկացրել էր, որ կենտրոնական շուկայում գյուղացիների տաղավարներ տրամադրելուն զուգահեռ խստիվ արգելվում է փողոցային առևտուրը։ Բայց Ստեփանակերտի փողոցերում շարունակում ենք հանդիպել փողոցային առևտրի մի շարք դեպքերի, հիմնակում` Ազատամարտիների փողոցի վրա և Ազատության հրապարակում` «կոլցեվոյում»։ Տիկին Աքսաբրինան ասում է, որ գյուղից բերող մեքենան քաղաքի ներքևի մասում է կանգնում, իսկ ծանր պայուսակները շուկա հասցնելու համար միջոց չկա։

«Երկու կամ չորս պայուսակը ես ինչպե՞ս վերցնեմ գնամ շուկա հասնեմ։ Մեքենան գալիս է կանգնում, ժողովուրդն էլ տանջվում է, տաքսին էլ 5000-10000 դրամ են ասում, այդպես ապրել կլինի՞։ Քաղաքն էլ մեզանով է ապրում, որ մենք չգանք քաղաքացիները կարողանալո՞ւ են ապրել։ Շրջափակումից առաջ սմբուկ, սոխ, սխտոր կար, հիմա դրանք չկան, լոլիկը 2500 դրամով են վաճառում»։

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում այսօր ժամը 10։00-ի դրությամբ շատ քիչ գյուղացիներ էին մնացել, նրանք բերում, իրենց ապրանքը վաճառում են վերավաճառողների ու գնում։ Թե ինչքանով այս որոշումը կթեթևացնի քաղաքացու և գյուղացու հոգսը, դեռ պարզ չէ, պարզ է միայն, որ խախտումներ թույլ տված, այդ թվում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության, այդպես է նշված ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: