երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան. Սաղաթելյան

Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան. Սաղաթելյան

՛՛Հայաստան՛՛ դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ շարունակելու են պայքարել պետականության, վիրավոր արժանապատվության վերականգնման համար:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում. Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սեւացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղջավանջային դարձնեն մեր ներկան եւ հավակնեն զրկել մեզ ապագայից՛՛:

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ դաշինքն անհանդուրժող է լինելու ստի, կոռուպցիայի, ամբարտավանության, սոցիալական անարդարարության հանդեպ. ՛՛Համոզված եմ՝ սրանք ընդունակ չեն ոչնչի, սրանց ձախողումները իրենց մաշկի վրա, ցավոք, զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սրանք միայն դժբախտություն են բերում եւ մենք սրանց իշխանության վախճանը ամեն օր մոտեցնելու ենք վերջին՛՛:

Խոսելով իր բնորոշմամբ՝ մի դավաճանական ծրագրի մասին, որին պետք է ՛՛Հայաստան՛՛ դաշինքը հակազդի՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Հետեւողականորեն Արցախի Հանրապետությունն ու Արցախի ապագան դուրս է մղվել մեր երկրի ու ժողովրդի օրակարգից։ Արցախն անտերության է մատնվել, Արցախի ու Արցախի պաշտպանության մասին չեն խոսում, այդ ուղղությամբ գործ չեն անում։ Ձեռքները լվացել են Արցախի խնդրից։

Ավելին՝ իրենց դավաճանությունը քողարկելու համար պետական մակարդակով համոզում են մեր ժողովրդին, որ Արցախը բեռ էր, որից ազատվեցին, մենք չպետք է դա թույլ տանք։ Անհրաժեշտ է համաժողովրդական զորաշարժ։ Արցախին մենակ չպետք է թողենք, ու հիմա Արցախը մեր կարիքն ունի, մենք նրա թիկունքը պինդ պահելու խնդիր ունենք։

Կյանքը ցույց տվեց, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան։ Մեր համազգային պայքարը, նպատակները սրանք չենք կարողանալու մեզանից խլել, Արցախը մեր հայրենիքն է, Շուշին հայկական է, կա ու կմնա՛՛:

 

  • Կիսվել: