Արցախը մասնակցել է «Ինտուր էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսին
Ընթացիկ տարվա հունիսի 4-6-ը Երևանում տեղի է ունեցել «Ինտուր Էքսպո» զբոսաշրջային ցուցահանդես, որին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտը:
Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ԷԳ նախարարությունից։ Ցուցահանդեսին նախարարության ներկայացուցիչներն էին ԱՀ ԷԳՆ աշխատակազմի ղեկավար Էռնա Ջավադյանը, ԱՀ ԷԳՆ աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը և վարչության այլ աշխատակիցներ:
««Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Արցախի զբոսաշրջության ոլորտն ու զբոսաշրջային պոտենցիալը»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը՝ հավելելով, որ նախարարությունը նաև կազմակերպել և ապահովել է «Եվրոպա», «Նացիոնալ» հյուրանոցների, Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, «Գալա տուր» տուրիստական գործակալության մասնակցությունը:
Գ. Առաքելյանը «Ինտուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցությունը գնահատում է արդյունավետ, քանի որ ձեռք են բերվել նոր կապեր ու համագործակցության պայմանավորվածություններ:


