շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում վերջին տասնօրյակում ավելացել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը. ԱՀ ՆԳՆ

Արցախում վերջին տասնօրյակում ավելացել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը. ԱՀ ՆԳՆ

Վերջին տասնօրյակում Արցախի հանրապետությունում նկատվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքեր: 

Այս մասին իրազեկում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի  նախարարությունից՝ մանրամասնելով, որ  դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։

«Թունավորումն իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ կանխելն է։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել բնակարանը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը։
Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։ 

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։ CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության, տեսողության և գիտակցության կորուստը կամ հիշողության խանգարումը։ 

Մեր պատասխանատվությամբ ու հետևողականությամբ խուսափենք ողբերգական դեպքերից»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


ՆԳ նախարարության թեժ գծի հեռախոսահամարներ
Ոստիկանություն-102, /0479/ 4-02-07 

  • Կիսվել: