հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում թողարկվեց գանձապետական հասարակ մուրհակների առաջին խմբաքանակը

Արցախում թողարկվեց գանձապետական հասարակ մուրհակների առաջին խմբաքանակը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱՀ Կառավարության որոշմամբ՝ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հայտի համաձայն՝ Ֆինանսների նախարարության կողմից թողարկվել է գանձապետական հասարակ մուրհակների առաջին խմբաքանակը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրեց մուրհակների թողարկման, տրամադրման և շրջանառության սկզբունքների մասին, իսկ այնուհետև նրանց տրամադրվեցին գանձապետական հասարակ մուրհակները:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, որպես պետական աջակցություն, տրամադրվում է դրամական օգնություն կամ գանձապետական հասարակ մուրհակներ:

Մուրհակները թողարկվել են 5 տարի մարման ժամկետով՝ 7% տարեկան տոկոսադրույքով: Մուրհակների տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է թողարկման օրվանից՝ եռամսյակային պարբերականությամբ: Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հաշվեգրված եկամուտները փոխանցվելու են մուրհակատերերի բանկային հաշիվներին: Մուրհակները չեն կարող գրավադրվել կամ օտարվել:

Բնութագրությունը հասանալի չէ

Եթե նյութական վնասի չափը չի գերազանցում 5 մլն դրամը, դրամական օգնություն է հատուցվում, իսկ 5 մլն դրամը գերազանցող գումարի մասով տրամադրվում է մուրհակ», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Ավանեսյանը և հավելեց, որ, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից նոր հայտ ստանալուն պես, կկազմակերպեն արդեն մուրհակների հաջորդ թողարկումները:

  • Կիսվել: