Արցախում Սպորտի ոլորտի ներկայացուցիչները նահատակված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ի հիշատակ պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության ընկած քաջորդիների, Արցախի Հանրապետության սպորտի ոլորտի ներկայացուցիչները, Ստեփանակրտի դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների հիշատակը հավերժացնող հուշապաստառների մոտ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսամարտիկների անմար հիշատակն ու ծաղիկներ խոնարհեցին նրանց նկարների առջև, գրում է Արցախպրեսը։

«Օրվա խորհուրդը բոլորիս համար շատ ծանր է, և ցավալի ապրումներ ենք ունենում: Ցավոք սրտի, մեր հերոսների լուսանկարների առաջ հարգանքի տուրք մատուցելով, ինչ-որ տեղ մեծ պատասխանատվություն ենք զգում նրանց կատարածի, կյանքի ու թողած պատգամի համար:
Այն, ինչ տեղի ունեցավ 44 օրերի ընթացքում, մի նոր ցեղասպանություն էր, որի արդյունքում մենք ևս մեկ անգամ հայրենազրկվեցինք: Մենք պետք է սթափվենք, և յուրաքանչյուրս մեր անձակենտրոն գործելաոճից դուրս գանք ու հասկանանք, որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր տղաների հիշատակի առջև, և մեր ամեն քայլը պետք է նպատակաուղղված լինի նրանց երազանքը ի կատար ածելուն:
Նրանք զոհվել են հանուն հայրենքի, հանուն այն բանի, որ մեր հայրենիքը չգերեվարվի,բայց արդյունքում մենք ունեցանք և գերեվարված հայրենիք, և անդառնալի կորուստներ: Սա է այն կարևոր դասը, որ մենք պետք է քաղենք, և ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան պետք է այդ պատասխանատվությամբ ապրենք»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, հերոսների ծնողներ, մտավորականներ։