Արցախում մեկնարկել է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը
2020-2021ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է:
Այսօրվա դրությամբ ընդունելիության քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 619 դիմորդներ: Մեզ հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ ակնհայտ պատճառներով այս տարվա դիմորդների թիվը կրճատվել է ։
«Այնուամենայնիվ, տոկոսային հարաբերությունը մնում է նույնը՝ 70% առկա բաժնի համար դիմորդներ: Ընդունելության համար մրցույթն անց է կացվելու ըստ ստացած գնահատականների, որոնց արդյունքները կհրապարակվեն մինչև հուլիսի 18-ը, այնուհետև լինելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ թափուր տեղերի համար, այսինքն այն դիմորդները, ովքեր առաջին փուլի մրցույթը չեն անցել, բայց ունեն դրական միավորներ համապատասխան մասնագիտություններից, կարող են հայտ ներկայացնել»,- նշել է ԳԹԿ տնօրենը։
Քննությունները անց են կացվելու հինգ քննական կենտրոններում, որոնք կտեղակայվեն Ստեփանակերտի № 1, 2, 6, 7 և 8 դպրոցներում: Առաջին քննությունը լինելու է հունիսի 8-ին՝ կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից, հունիսի 15-ին՝ Հայոց լեզու և գրականություն առարկայից, հունիսի 16-ին՝ Անգլերենից, հունիսի 18-ին՝ մաթեմատիկա առարկայից, հունիսի 22-ին՝ Հայոց պատմություն և Ֆիզիկա առարկաներից և հունիսի 25-ին՝ Քիմիայից և Ռուսաց լեզվից։ Ըստ առարկաների՝ ամենաշատը՝ 325 դիմորդ Հայոց լեզու և գրականություն և 207-ը՝ Մաթեմատիկա առարկաներից են։
«Հայաստանյան բուհերում ընդունելիության նպատակային տեղերում ունենք 124 դիմորդ՝ 60 անվճար և 30 վճարովի տեղերի համար , իսկ ոչ նպատակային տեղերի համար՝ 186 հոգի: 47 հոգի դիմել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, կան նաև հայաստանյան բուհեր, որտեղ դիմորդներ չունենք. այդպիսիք են Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային ինստիտուտը, Երևանի թատրոնի և կինոյի, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը",- հավելել է Յու. Քարամյանը: