հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում ջերմատնային տնտեսությունների զարգացման նախադրյալները խոստումնալից են. պատասխանատու

Արցախում ջերմատնային տնտեսությունների զարգացման նախադրյալները խոստումնալից են. պատասխանատու

Պատերազմի հետևանքով Արցախում ջերմատնային տնտեսությունները շուրջ 1.5 հեկտարով նվազել են։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ ԷԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը և նշեց, որ այս պահի դրությամբ Արցախում պատերազմից հետո նոր հիմնադրված ջերմատնային տնտեսությունների հետ մեկտեղ ունեն շուրջ 5 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարեղենի մշակությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախյան պատերազմների հետևանքով Արցախի ժողովուրդը բազում կորուստներ է ունեցել, և ինչպես վիրավոր Արցախը, այնպես էլ նրա ժողովուրդը փորձում են վերականգնվել, հնարավորության սահմաններում շարունակել աշխատել, ապրել ու արարել հայրենի հողում: Արցախը եղել ու շարունակում է մնալ գյուղատնտեսական երկիր, բայց պատերազմներից կրած կորուստները գրեթե զրկել են հետագայում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից, քանի որ կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, այդ թվում՝ գործող այգիներ, ջերմոցներ, ինչպես նաև մեծ թվով գյուղատնտեսական տեխնիկա: Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում այսօր կարևոր դեր է կատարում ջերմատնային տնտեսությունը: Արցախում այս ոլորտի զարգացման նախադրյալները բավականին խոստումնալից են: Ջերմատնային տնտեսությունը գյուղատնտեսության զարգացման ճյուղերից է համարվում, քանի որ բանջարեղեն արտադրելու համար արհեստականորեն ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ բերք ստանալու նպատակով տարվա այն ամիսներին, երբ դա բաց դաշտում հնարավոր չէ: Իրականացվում են մի շարք ծրագրեր, և բնակչությունը հիմնականում տնամերձ տարածքներում սկսում է մեծ թափով զարգացնել ջերմատնային տնտեսությունը», -ասաց Ա. Բադալյանը:

Նախարարության կողմից ջերմոցային տնտեսությունների զարգացման համար «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվում է 3 ծրագիր:

«Արդեն իսկ գործող ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին տրամադրում ենք անհատույց ֆինանսական աջակցություն՝ 1 հեկտարի դիմաց 6 000 000 ՀՀ դրամի(1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 դրամ) չափով, իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 ՀՀ դրամի (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) չափով։

Պարտադիր պայման է հանդիսանում մեկ ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը: Հաջորդ՝ նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագրի որոշումը հաստատվել է ընթացիկ տարում: ԱՀ սեփականության, վարձակալության և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում և տնամերձ տարածքներում նոր հիմնադրված ավանդական՝ նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսով ջերմատնային տնտեսությունների կառուցման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ 1 քառակուսի մետրի հաշվով 8 000 ՀՀ դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսով ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի հաշվով ՝ 22 000 դրամ:

Նախարարության կողմից այս ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը. այս պահի դրությամբ ընդունվել է շուրջ 5 տասնյակ հայտ: Ջերմատնային տնտեսություններում ռիսկերի մեղմման գործընթացում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարում սեփական միջոցներով կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՝ ջերմատնային տնտեսությունների դեպքում՝ 250 դրամ 1 քառակուսի մետրի հաշվով: Սույն միջոցառումից օգտվելու պարտադիր պայման է հանդիսանում նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսի առկայությունը», - ներկայացրեց մեր զրուցակիցը:

  • Կիսվել: