երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է. ԱՀ պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է. ԱՀ պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տրվում են մեկնաբանություններ, որոնց համաձայն մենք ունեք բազմաթիվ կամ ամենատարբեր բացթողումներ՝ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ հիմա մենք, հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին, ուզում եմ, որ հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել և այն իրացրել է։

Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը՛՛:

Պետնախարարի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում իրենք լսել են բազմաթիվ քննարկումներ, ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականույթունը ճանաչելու մասին հայտարարություններ, սակայն այդպես էլ խաղաղութուն կամ գոնե բարիդրացիական վերաբերմունք չտեսան:

՛՛Հանուն ինչի են կատարվում այդ զիջումները, եթե դրանից ամեն օր խորանում է Արցախի ժողովրդի վիճակը, ծանրանում է բեռը: Եթե մենք խաղաղություն ենք ուզում այս գնով, ուրեմն մեզ խաղաղություն պետք չէ, մեզ խաղաղություն պետք է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով՛՛,-ասաց Ներսիսյանը:

Նա նաեւ քաղաքացիներին կոչ արեց չվհատվել՝ անկախ ամեն ինչից:

  • Կիսվել: