հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի թեմի առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Արցախի թեմի առաջնորդը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի երիտասարդ հայորդիներ,
 
Մեր հայրական օրհնությունն ու ջերմագին շնորհավորանքն ենք բերում Ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Մարդկության պատմության տարբեր ժամանակներում, զանազան մշակույթների մեջ երիտասարդություն հասկացողությունը տարբեր չափորոշիչներ է ունեցել, և հստակորեն չենք կարող նշել տարիքային այն սահմանները, որի մեջ կտեղավորվի այդ հասկացողությունը, և պատահական չէ, որ մեր մեջ տեղ է գտել նաև «հոգով երիտասարդ» արտահայտությունը։ Սա նշանակում է, որ երիտասարդ ասելով, մենք հասկանում ենք կյանքի հանդեպ եռանդով, ուժով և արարելու ցանկությամբ լեցուն մարդուն, և դա կարող է լինել ցանկացած տարիքի մարդ։ Սա հոգևոր իմաստով յուրաքանչյուրի համար է ասված` լինել միշտ ներքուստ երիտասարդ։
 
Բայց և այնպես պետք է արձանագրենք, որ երիտասարդությունը ֆիզիկական և բնական առումով կյանքի այն շրջանն է, երբ մարդը լի է բնական ներուժով, առողջությամբ, երկրի վրա գործելու տարբեր կարողություններով, ավելի պարզ կերպով ասած`«կյանքը եռում է նրա մեջ», բայց ամենևին էլ չպետք է կարծել, որ երիտասարդական այս հատկանիշները զուտ ֆիզիկական երևույթներ են. ոչ', սրանք Աստծո կողմից ստեղծված մարդու Աստծո կողմից տրված բնական հատկանիշներ են, որոնք մարդը պետք է գործածի ի բարին։
 
Երիտասարդությունը այն լավագույն շրջանն է, երբ մարդը կարող է ամենաշատ աստվածահաճո գործերը կատարել։ Ամբողջ Աստվածաշունչը հարուստ է նման պատմություններով, երբ Աստված իր առաքելության համար ընտրում է հիմնականում երիտասարդ մարդկանց: Այդպիսի վառ օրինակներ են Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Ստեփանոս Նախավկան, Քրիստոսի առաքյալների մեծ մասը, Հին Կտակարանից Հովսեփ Գեղեցիկը, Սամսոնը, Դանիելը, Դավիթ Թագավորը և շատ այլ կարևոր անձինք։ Հին Կտկակարանի նահապետները բոլորն էլ երիտասարդ տարիքում կանչվեցին Աստծո կողմից իր տնօրինական ծրագրին մասնակցելու։ Եվ վերջպես ամենազորեղ օրինակը. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս իր քարոզչությունը և Փրկչական տնօրինությունները իրականացրեց 30-33 տարեկան երիտասարդ հասակում, որ աշխարհում ընդունված է ասել մարդկային կատարյալ տարիք։
 
Գալով մեր օրեր, մենք տեսնում ենք որ Արցախյան այս վերջին գոյապայքարում մեր նվիրական նահատակները հիմնականում եղել են ազգի ընտրյալ երիտասարդները։ Նրանք գիտակցաբար գնացին սիրո մեծագույն պատվիրանի իրագործման ճանապարհով՝ իրենց ծաղկուն կյանքը տալով մեզ բոլորիս համար: Այսօրվա երիտասարդը կյանքի մեծագույն դասը պետք է առնի հենց այդպիսի կերպարներից և իր կյանքով արժևորի նրանց անգին զոհողությունը:
 
Այսպիսով ակնհայտ է դառնում այն ճշմարտությունը, որ հաճախ լսում ենք, թե «երիտասարդությունն է մեր կյանքի շարժիչ ուժը» և սա ճշմարիտ է թե' հոգևոր իմաստով և թե' ֆիզիկական իմաստով։
 
Ուստի այս մտորումներով գալիս ենք մեր սրտի անկեղծ բարեմաղթանքը հղելու մասնավորապես Արցախի մեր երիտասարդ հայորդիներին: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ յուրաքանչյուրդ փորձեք Ձեր կյանքի երիտասարդ, ծաղկուն տարիները ապրել ճիշտ կերպով՝ նմանվելով Աստվածաշնչյան երիտասարդներին և մեր քաջ նահատակներին, նաև ի մտի ունենալով Սողոմոն Իմաստունի խրատն ուղղված երիտասարդներին. «Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»» (Ժող. 11։9-12։1)։
 
Թող Աստված օրհնի Ձեզ, որպեսզի լցվեք լավատեսությամբ և ապագայի հանդեպ ունեցած հույսով, և հավատացեք, որ Ձեր մաքուր կերպով ապրած երիտասարդությունը կտանի մեզ նորանոր հաղթանակների։
 
Օրհնությամբ և աղոթքով
Արցախի թեմի առաջնորդ
 
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան»

  • Կիսվել: