ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի շրջանների ջերմոցներում բերքատվության արդյունքները գոհացուցիչ են. անդրադարձ

Արցախի շրջանների ջերմոցներում բերքատվության արդյունքները գոհացուցիչ են. անդրադարձ

Արցախի Հանրապետության շրջաններում այս տարի լայն թափ է ստացել ջերմոցների հիմնումն ու բնակչության զբաղվածության ապահովումն այս տնտեսություններում: Պատասխանատուների հավաստմամբ՝ արդյունքները գոհացուցիչ են:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում ընդհանուր մշակվել է 18 հազար 150մ/ք մակերեսով ջերմատնային տնտեսություն:

«Մշակվել է 2300 մետր քառակուսի մակերեսով կանաչեղեն, վարդ՝ 500 մ/ք, եգիպտացորեն՝ 600 և բանջարեղեն 14 հազ. 750 մ/ք, այդ թվում՝ 2260-ը՝ ջեռուցվող ջերմատներում: Բանջարեղենից մշակվել է լոբի, լոլիկ, վարունգ, տաքդեղ և այլ բանջարեղեն»,-ասել է Մ. Զարգարյանը:
 
Նա գոհացուցիչ է համարել բերքատվության այս տարվա արդյունքները՝ նշելով, որ ստացված բերքն իրացվում է տեղում, շրջանի մյուս համայնքներում, ինչպես նաև՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. բերքի իրացման խնդիրներ, հիմնականում, չեն առաջանում:
 

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ շրջանի 18 համայնքում առկա է 152 գործող ջերմատուն` 50 հազ. 703 մետր քառակուսի մակերեսով։ Ընդհանուր ջեռուցված է 19884 մ/ք մակերեսով ջերմատուն, որոնցից յուրաքանչյուրն ունի 100 և ավելի մ/ք մակերես։

«Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում 2021 թվականին շրջանի 12 համայնքում կառուցվել է 32 ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 10 հազ. 526 մետր քառակուսի մակերեսով, որից 1-ը Ասկերան քաղաքում՝ 1300 մետր քառակուսի տարածքով, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Շրջանի Շոշ գյուղում բարեգործական հիմունքներով «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 27 ջերմատուն` յուրաքանչյուրը 100 մետր քառակուսի մակերեսով։ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հովանավորչությամբ 15 ջերմատուն տեղադրվել է Ներքին Սզնեք, 35-ը` Սարուշեն գյուղում։ Նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց պետության կողմից անհատույց տրամադրվում են ֆինանսական միջոցներ: Ջերմատներում հիմնականում զբաղվում են խառը բանջարեղենի, որոշ ջերմատներում էլ` ելակի և վարդերի մշակությամբ։ Ջերմոցների մեծ մասում, հատկապես` Նորագյուղում, ոռոգումն իրականացվում է խմելու ջրով, ինչը բացասաբար է անդրադառնում ստացված բերքի ինքնարժեքի և գնագոյացման վրա»,-ասել է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ, նախորդ տարվա համեմատ, աննխադեպ աճել է ջերմոցների բերքատվությունը:

Մեր զրուցակիցը նշեց, որ նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց պետության կողմից անհատույց կարգով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում։ Շրջվարչակազմի ղեկավարի օգնականի հավաստմամբ՝ բնակչության զգալի մասը նախապատվություն է տալիս ջերմոցային տնտեսությամբ զբաղվելուն։ Այդ ուղղությամբ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պարբերաբար սեմինարներ են անցկացվում։

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի Գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ շրջանի Ճանկաթաղ, Կիչան և Նոր Ղազանչի համայնքներում 30 մետր քառակուսի մակերեսով ջերմոցներ են կառուցվել, որտեղ աճեցնում են լոլիկ, վարունգ, ելակ, վարդ և այլն:

««ՀիմնաՏավուշ» բարեգործական հիմնադրամի կողմից առաջիկայում շրջանի համայնքներում կկառուցվի 20 ջերմատուն՝ 100 մետր քառակուսի մակերեսով: Ջերմատները կկառուցվեն այն համայնքներում, որտեղ ջրի պակաս չկա: Շրջանի բնակչության կողմից մեծ է պահանջարկը ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու»,-ասել է Կ. Հովհաննիսյանը:

  • Կիսվել: