ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը կսահմանափակի հավաքների ազատությունը

Արցախի նախագահը կսահմանափակի հավաքների ազատությունը

Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Այս մասին իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Նա վստահեցրել է, որ պատրաստ է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ:

՛՛Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության՛՛,-ասել է Հարությունյանը:

Նախագահը նաև նշել է, որ այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

՛՛Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է: Միաժամանակ վերահաստատում եմ դեռևս 2020թ. դեկտեմբեր ամսում հնչեցրած հրապարակային խոստումս՝ բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, որին ես չեմ մասնակցելու:

Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը՛՛,-նշել է նա:

Դիմելով Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը՝ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը և ցանկացած օրինախախտման դեպքում ցուցաբերել համարժեք արձագանք՝ խախտում թույլ տված անձանց ենթարկելով պատասխանատվության:

՛՛Ներքին կարգապահությունը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի վարքագծի անբաժանելի մասը, որի ապահովման պարտականությունը կրում են իրավապահները:

Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: