երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի նախագահներին բերելու համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն. Թաթոյան

Արցախի նախագահներին բերելու համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն. Թաթոյան

Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են: Այս մասին գրում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս որոշումները բացառապես պայմանավորված են ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության, վրեժի շարժառիթներով:

Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:

Ուստի, ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը հատուկ հենց այդ նպատակներով էլ հրապարակել է նրանց բոլորի ազատազրկման ու հետապնդման տեսանյութերն ու լուսանկարները:

Հետևաբար, նրանց ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր հայրենակիցներին ազատելու համար:

Ինչպես արդեն ասել եմ, նրանց ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»,-գրել է Թաթոյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: