երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայերի ձեռնարկման ուղղությամբ:

Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը:

  • Կիսվել: