ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի խնդիրը քաղաքական լուծում է պահանջում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․  «Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ ավելի հաճախ են հանդիպում անտրամաբանական, հաճախ նաեւ՝ իրարամերժ գործողություններ: Շատ դեպքերում դրանք առավել քան ցցուն են, եւ հաճախ իրար բացառող քայլերն արվում են միաժամանակ: Անկարայի նման պահվածքը, պարզվում է, հեշտ բացատրելի է: Այն պայմանավորված է երկու գերտերության՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի «լարերի վրա միաժամանակ խաղալու» էրդողանի գործելաոճով: Այս միտման պրիզմայում է տեղավորվում Ղրիմում ՌԴ Պետդումայի վերջին ընտրությունները չճանաչելու մասին օրերս Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունը: Իրադարձության գույները խտացնում է այն հանգամանքը, որ հայտարարությունը տարածվում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվա էրդողանի այցին ակտիվ նախապատրաստվելու մասին արված հայտարարության հաջորդ իսկ օրը:

Հայտարարության նրբերանգն այն է, որ Անկարան շեշտում է միայն Ղրիմի փաստը, այն դեպքում, երբ Պետդումայի ընտրություններ են անցկացվել նաեւ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Մերձդնեստրում եւ Դոնբասում: Դժվար է մտածել, թե այս երկիրն անտեղյակ էր Ղրիմի հարցում ՌԴ գերզգայունության մասին, հետեւաբար, օրինաչափ հարց է ծագում, թե Պուտինի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն ինչո՞ւ գնաց դիվանագիտության բառապաշարին եւ էթիկային հակասող նման կոշտ քայլի:

Իսկ պատասխանը թաքնված է էրդողանի մարտավարության մեջ, այն է՝ բացի Ռուսաստանից, «խաղալ» նաեւ ԱՄՆ-ի լարի վրա: Ղրիմի վերաբերյալ ԱԳՆ-ի հայտարարության հաջորդ օրը նա մեկնելու էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին մասնակցելու, որի շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Վերջինիս հետ բանակցելուց առաջ նման հայտարարությամբ Թուրքիայի առաջնորդը փորձում է շահաբաժիններ պոկել եւ հաճոյանալ ԱՄՆ-ին՝ քաջ գիտակցելով, որ իր այդ հայտարարությամբ 100 տոկոսով արտահայտում է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ եղած լարված հարաբերություններում ԱՄՆ դիրքորոշումը, եւ այն դեպքում, երբ այսօր Կիեւը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ծայրահեղ դեպքում՝ կանխել դրանց հետագա վատթարացումը:

ԱՄՆ-ի առաջնորդի հետ հանդիպելուց առաջ նրա վերջին շրջանի դիրքորոշման կոշտության կոտրումը Էրդողանին շատ է անհրաժեշտ, քանի որ Նյու Յորքում շատ ասելիք ունի, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, Սիրիայում, Լիբիայում եւ Աֆղանստանում իր պահվածքի մասին: Այս առումով կանխատեսելի էր, որ Թուրքիայի առաջնորդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովում ունեցած  ելույթում կփորձեր արդարացնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետ սանձազերծած ագրեսիան՝ այն շղարշելով Արցախի վերաբերյալ մոտ 30 տարի առաջ ՄԱԿ-ի ընդունած որոշումներով:

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հարցն է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Արցախյան հիմնահարցը լինելու է նաեւ Էրդողան-Բայդեն հանդիպման օրակարգում: ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, առաջ է տանելու այդ միջազգային ընդունված ձեւաչափում Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը, որը հակասում է Թուրքիայի եւ Ադրբեջանի արած հայտարարություններին, թե պատերազմով արդեն լուծել են հիմնահարցը: Այս հարցում ԱՄՆ-ն առավել քան հետեւողական է եւ նախատեսում է արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովի ժամանակ ակտիվացնել Մինսկի խմբի գործողությունները:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նախօրեին հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է բանակցություններ վերսկսել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ՝ Նյու Յորքում հանդիպում ունենալով վերջիններիս եւ միմյանց հետ: «Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարեւոր գործիք»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Այսպիսով՝ եթե աշխարհաքաղաքական տարբեր հարցերում Էրդողանը ստիպված է լինում ոչ այնքան հաջող «խաղալ» ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հակադիր լարերի վրա, ապա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում, կարծես թե, նման երկընտրանքի առաջ կանգնած չէ, քանի որ եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ ՌԴ-ն առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան խնդրի հիմնարար ու երկարաժամկետ լուծում գտնելու թեզը: Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական որոշակի «առեւտրից» հետո Թուրքիան, այնուամենայնիվ, կհորդորի իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին, նստել Մինսկի խմբի բանակցային սեղանի շուրջ:

Աշխարհաքաղաքական հագեցած զարգացումները, որոնց կիզակետերում է Թուրքիան, փաստում են, որ Էրդողանին օրեցօր ավելի ու ավելի դժվար է լինելու «խաղալ» երկու լարի վրա, եւ տրամաբանական հարց է ծագում, թե ընկնելիս կառչելու համար որ լարը կնախընտրի: Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիայի վերջնական որոշումները սովորաբար Ռուսաստանի օգտին չեն լինում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: