երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախում գործող ՀԿ-ները կմիավորեն ջանքերը ուղղված Արցախի ապաշրջափակմանն ու  հանուն երկրի  ապագայի

Արցախում գործող ՀԿ-ները կմիավորեն ջանքերը ուղղված Արցախի ապաշրջափակմանն ու հանուն երկրի ապագայի

Այսօր՝ փետվարի 4-ին, Արցախում գործող «Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են Հանրապետությունում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»  հիմնադրամի  սրահում կայացած  համաժողովի ընթացրում բանախոսներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, առկա խնդիրների հնարավոր լուծումներին ու  երկրի ապագային վերաբերող անելիքներին:
 
 «Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ համաժողովի նպատակը  բոլոր հասարակական կազմակերպություններին մեկ հարթակում համախմբելն է, որպեսզի ծանոթանան միմյանց և փորձեն լուծման ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից:
«Հասարակական կազմակերպությունները կարող են անել ավելին, որպեսզի օգնեն մեր երկրին, ժողովրդին՝ դուրս գալ այս վիճակից: Մենք ստեղծում ենք այնպիսի հարթակ որտեղ հնարավորություն կստեղծվի քննարկելու մեր կարծիքները: Կարևորն այն է, որ ՀԿ-ի անդամներն իրենց նկատած խնդիրները  փոխանցել մեր պետության  ղեկավարներին»,-նշել է Ղ. Բաբայանը:
 
«Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանի խասքով՝ Արցախում գործող հասարակական կազմակերպությունները բավականին մեծ դեր ունեն քաղաքացիական պաշտպանության  կազմակերպչական հարցերում:
«Բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը քաղաքացիական պաշտպանության ոլորտի վերաբերյալ և ինչ կարող են անել դրանք իրագործելու համար, որպեսզի ժողովրդի ներքին անվտանգությունը կարողանանք ապահովել»,-ընդգծել է ՀԿ-ի նախագահը։
 
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց երկրի անվտանգությունը։
 
«Համաժողովին բարձրաձայնել ենք երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու հարցը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա, եթե համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն»,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
 

  • Կիսվել: