հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի գոյությունն ինքնին կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան

Արցախի գոյությունն ինքնին կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան

Արցախի գոյությունը կարևոր գործոն է, որը թույլ չի տալիս, որպեսզի պանթուրքիստական ծավալապաշտական վեկտորը հասնի իր նպատակին:

Այս մասին այսօր կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության  Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Դավիթ Բաբայանը՝ հանդես գալով  «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա հիմնախնդիրները արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով զեկուցմամբ:

«Արցախը և մայր Հայաստանը, հայոց  պետականությունն առհասարակ, հայտնվել է իր ողջ պատմության մեջ ամենավտանգավոր իրավիճակում: Այո, ժամանակներ եղել են, երբ մենք պետականության կորուստ ենք ունեցել, տարբեր սարսափելի իրադարձությունների կամ զարգացումների միջով ենք անցել, բայց այս իրավիճակը ամենաբարդն է: Եթե մենք հիմա կորցնենք մեր պետականությունը, ապա կորցնելու ենք հայոց պետականությունը և ընդհանրապես հայ ժողովրդի բնօրրանը: Մենք այլևս ռեսուրս չունենք,որ պետականությունը կորցնենք և  սպասենք, որ հարմար պահի, որ  նորից վերականգնենք: Հայ ժողովրդի էթնիկ արեալն այնքան է սահմանափակվել, որ գրեթե համընկնում է հայոց պետականության հետ: Բարդ իրավիճակին գումարվում է նաև 3-րդ ադրբեջանաարցախյան պատերազմից հետո կտրուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Արցախն աննախադեպ խոցելի է դարձել՝  փոքրացած, կախված տարբեր հանգամանքներից: Պարզ է, որ այս խոցելիության աստիճանը նաև թշնամիների համար ստեղծում է լրացուցիչ գայթակղություն հարցը կարգավորել վերջնականապես՝ վերացնել արցախյան պետականությունը»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը՝ հավելելով, որ ստեղծված   բարդ իրավիճակին գումարվում է նաև ադրբեջանաարցախյան 3-րդ պատերազմից հետո կտուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում:

«Արցախն աննախադեպ խոցելի է դարձել : Իր ողջ պատմության մեջ այսքան խոցելի վիճակում մենք երբևիցե չենք հայտնվել՝ փոքրացած, կախված տարբեր հանգամանքներից: Պարզ է, որ այս խոցելիության աստիճանը  թշնամիների համար ստեղծում է լրացուցիչ գայթակղություն հարցը կարգավորել վերջնականապես.  այսինքն՝  ոչնչացնել արցախյան պետականությունը»,-հավելել է Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նրա համոզմամբ՝  ստեղծված  իրավիճակում առկա են նաև հնարավորություններ, քանի որ Արցախի գոյությունը  կարևոր գործոն է Անդրկովկասում, իսկ հակառակ դեպքում կստեղծվի ռազմաքաղաքական լիովին այլ կոնֆիգուրացիա՝ և Կենտրոնական Ասիայում, և Մերձավոր Արևելքում, և այլ տարածաշրջաններում:

«Մեր լինելիությունն ինքնին գործոն է, ինչը  պետք է լավ հաշվի առնենք: Սա աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական լծակ է, որը մենք ունենք: Մնացածն ածանցվում է սրանից: Հետևաբար այս իրավիճակում պետք է կարողանանք նաև այնպես անել, որ խուսափենք բարդություններից:  Մեր առջև կանգնած ամենամեծ վտանգն Ադրբեջանի կազմում հայտնվելն է: Ակնհայտ է, որ այդ դեպքում  Արցախն ունի միայն մեկ ապագա՝ հայաթափում: Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում:  Մենք պարտավոր ենք ապրել կողք կողքի, որպես հարևաններ, բայց իրենց կազմում՝ անհնարին է: Մեր արտաքին քաղաքականության մեջ ավանդական, կարևոր խնդիրները մնացել են անփոփոխ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում, հակամարտության կարգավորում: Արցախը պետք է ունենա սուբյեկտայնություն՝  ինքնուրույն կարողանա տնօրինել, իսկ ինքնուրույնության կարևորագույն բաղադրիչը  սկզբունքայնությունն է»,-ընդգծել է Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝  նշելով,որ աշխարհին լսելի լինելու համար շատ կարևոր է,որ Արցախը մնա որպես գերագույն արժեք հայության համար:

  • Կիսվել: