Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ տարածաշրջանային մակարդակով. թուրքագետ
Պատրանք է կարծել, որ եթե չլինի Արցախի հիմնահարցը, ապա Հայաստանը կարող է բարգավաճել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Այս մասին Ստեփանակերտում կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերից է բխում ամեն ինչ անել, որ պահպանվի և հզորանա Արցախը:
«Արցախյան խնդիրը և Թուրքիայի գործոնը» թեմայով զեկուցման ընթացքում Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ թուրքական վերնախավը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է երկու կարգավիճակով՝ առաջինը, որը նախատեսված է Բաթումի պայմանագրով, իսկ երկրորդը,, որ ձևակերպվել է Մուստաֆա Քեմալի կողմից. Հայաստանը, ըստ այդ ծրագրի, պետք է վերացվի:
«Իմ ընկալմամբ, Թուրքիայի քաղաքականությունը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ներկա փուլում պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ այն տեսանկյունից, որ նա ուզում է դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: Մենք պետք է ընկալենք Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանային մակարդակով: Արցախյան վերջին պատերազմից հետո ստատուս քվոն այլևս գոյություն չունի: Թուրքիան նպաստեց դրա քայքայմանը: Հիմա մտել է պայքարի մեջ, որպեսզի նոր ստատուս քվոն լինի ի օգուտ իրեն: Թուրքիան ուզում է ստանձնել առաջատարի դերը և այստեղից դուրս մղել Ռուսաստանին: Այս շրջանակներում մենք պետք է ընկալենք այն քաղաքականությունը, որ վարում է Թուրքիան Արցախի նկատմամբ»,-մանրամասնել է բանախոսը:
Նրա խոսքով՝ այս նոր քաղաքականության մասին հայտարարվեց 2020 թվականի փետրվարի 26-ին, քանի որ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցավ թուրք-ադրբեջանական ռազմավարական հաղորդակցության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար ժամանել էր նաև Էրդողանը:
«Ըստ ստորագրված համաձայնագրերից մեկի՝ Թուրքիան Ադրբեջանին պիտի տրամադրի նորագույն զենք և զինամթերք,ինչը նոր մոտեցում է Թուրքիայի կողմից, քանի որ մինչ այդ նորագույն զենք չէր տրամադրել»,-ասել է Ռ. Սաֆրաստյանը՝ ընգծելով, որ դրան նպաստել էին մի շարք տարածաշրջանային կարևոր իրադարձություններ, որոնք ռազմաարդյունաբերական ու տնտեսական բաղադրիչներ ունեին:
Նրա համոզմամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմը թուրքական ծրագրերի իրականացումն էր, իսկ Ադրբեջանը ծառայում էր որպես գործիք:
«Թուրքիան սկսեց փոխել ուժերի դիրքը. պահանջում էր, որ ստեղծվեին ռուս-թուրքական խաղաղապահ ուժեր: Սկսվեց Թուրքիայի քաղաքականության հաջորդ փուլը, որով նա սկսեց բանակցել ՀՀ հետ, բայց դա առիթ էր գերակշռող դիրք ստանձնելու համար: Պահանջներից մեկն այն էր, որ ՀՀ-ն ստորագրեր փաստաթուղթ, որով կճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս: Չհասավ իր ուզածին: Դրա համար հիմա Թուրքիայում նոր միջոցառումներ են պատրաստում, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ի դեմ: Շատ լուրջ պետք է մոտենալ այն հանգամանքին, որ Էրդողանը հորդորեց ադրբեջանական կողմին որ մտածեն ՀՀ-ից վնասի հատուցում ստանալու մասին: Հնչեցվում է 60 միլիարդ դոլլարի մասին: Թուրքիան փորձում է ճնշում գործադրել»,-ասել է Սաֆրաստյանը՝ այդ առումով հայկական կողմի անելիքներից է ունենալ հետ ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից, որը Ռուսաստանն է, ինչպես նաև հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի և ԱՄՆ -ի հետ: