Արցախի բուժհաստատությունները կհամալրվեն նոր սարքավորումներով
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությունը բժշկական սարքավորումներ է տրամադրել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՕֆ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ասաց, որ սարքավորումները տրամադրվել են «Direct Relief International» բարեգործական կազմակերպության` կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջազգային գրանտի շրջանակներում, և դրամաշնորհը տրամադրվել է Հայ օգնության բարեգործական ֆոնդին` որպես հիմնական գործընկեր:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հանդիպել են ԱՀ պետնախարարի և ԱՀ Առողջապահության նախարարի հետ, քննարկել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հարցը, որոնք ևս առաջիկայում կնվիրաբերվեն բուժհաստատություններին:

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշանակալի աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությանը՝ նշելով, որ նվիրաբերված սարքավորումների անհրաժեշտությունն, իրոք, զգացվում էր:


