Արցախի բանակը ցրում ենք, այնտեղ ովքե՞ր են կանգնելու․ Գագիկ Մելքոնյան
Արցախի մասով Հայաստանը դիմել է միջազգային կառույցներին, որ Արցախում տեղի է ունենալու ցեղասպանություն, հայաթափում, եթե մնա Ադրբեջանի կազմում առանց ստատուսի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Հարցին, թե ինչ ստատուսի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Դեռ ոչ ոք չի կարողանում քննարկել այդ ստատուսը, քանի չկան բանակցություններ: Դրա համար ԱՄՆ-ն առաջարկում է բանակցություններ բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով: Այդ բանակցություններից հետո նոր պարզվելու է՝ ով ինչ է ուզում»:
Դիտարկմանը, որ Բաքուն պահանջում է լուծարել Արցախի պաշտպանության բանակը, Գագիկ Մելքոնյանն ասաց, որ նման քայլի չպետք է գնալ. «Դրա համար պետք է լինեն բանակցություններ, որ դրանց ժամանակ հաստատվի, որ եթե իրենց ասելով, այդ բանակը պետք է լուծարվի, դրան ի՞նչ է փոխարինելու, որ Արցախի հայ ժողովրդի անվտանգությունն ապահովվի: Մենք պետք է հասկանանք, որ եթե Արցախի բանակը ցրում ենք, այնտեղ ովքե՞ր են կանգնելու, ֆրանսիական զորքեր են կանգնելու, շվեդական զորք է կանգնելու»: