կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիներին տրվող աջակցությունը ներառված չէ բյուջեում. դեֆիցիտը կարող է աճել 1.4%–ով

Արցախցիներին տրվող աջակցությունը ներառված չէ բյուջեում. դեֆիցիտը կարող է աճել 1.4%–ով

 Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը ներկայացված չեն ՀՀ հաջորդ տարվա բյուջեի նախագծում։ Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«2024-թ–ի բյուջեի նախագիծը կառավարությունը ներկայացրել է ս.թ. սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում ԼՂ–ից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը։ Եվ մենք բյուջեի ներկայացված սցենարում չունենք այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը պատրաստվում ենք իրագործել 2024թ–ին»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ կառավարությունը 10 մլրդ դրամ գումար է նախատեսել որպես արցախահայության աջակցության ծրագրերի նախնական գումար։
«Այժմ տարբեր պատասխանատու նախարարություններ` սոցիալական ոլորտի, առողջապահության և կրթության, աշխատում են այն հավելյալ ծրագրերի և միջոցառումների վրա, որոնք մենք պետք է ներառենք 2024թ–ի բյուջեում»,– ասաց Հովհաննիսյանը։
 
Այդ ծրագրերը, նրա խոսքով, կառավարությունը կընդունի ու կֆինանսավորի արդեն 2024թ–ի ընթացքում։ Գործադիր մարմնի նախնական գնահատմամբ` հավելյալ ծրագրերի մշակման արդյունքում բյուջեի նախագծում հաշվարկված 3.2 տոկոս դեֆիցիտը կաճի մինչև 4.6 տոկոս։
Վահե Հովհաննիսյանն այդուհանդերձ հույս հայտնեց, որ մինչ այժմ ՀՀ պետական բյուջեով Արցախին տրվող ֆինանսական աջակցության գումարը բավարար կլինի նաև արցախցիներին աջակցության ծրագրերն իրականացնելու համար։

  • Կիսվել: