հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախցի պատանիները կմասնակցեն «Հայորդի» հայրենասիրական ճամբարին

Արցախցի պատանիները կմասնակցեն «Հայորդի» հայրենասիրական ճամբարին

Արցախի առաջնագծամերձ համայնքների 40 պատանի (14-18 տարեկան) կմասնակցի ՀՀ Լոռու մարզում օգոստոսի 2-8-ը նախատեսվող «Հայորդի» հայրենասիրական ճամբարին:

Այս մասին «Արցախպրես»- ի թղթակցի հետ զրույցում ասել է ճամբարի կազմակերպիչ Վաչե Վարդանյանը:

«Ճամբարի նպատակն է պատանիների հոգում հայրենասիրություն սերմանելը, նրանց ավելի լավ ծանոթացնելը՝ Հայաստանի ու Արցախի  պատմությանը, մշակութային ժառանգությանը: Ճամբարը բաղկացած է լինելու Մոնթեի, Կոմիտասի, Սարյանի ու Թումանյանի անունները կրող չորս ջոկատից: Ամբողջ ճամբարը հագեցած է անցնելու։ Լինելու են հայրենասիրական երգի ու պարի, առաջին բուժօգնության դասընթացներ, հանդիպումներ՝ հայտնի մարդկանց հետ»,- նշել է Վ. Վարդանյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ` ճամբարին կմասնակցեն այն պատանիները, ովքեր  հայրենասիրական մեծ ոգի ունեն:

«Անձամբ այցելել ենք սահմանապահ գյուղեր, և տեղում ընտրել նրանց: Այն պատանիները, ովքեր զոհված, անհայտ կորած կամ վիրավոր անձանց ընտանիքից են, նրանց առանց որևէ հարցման ընդգրկել ենք ճամբարին»,- հավելել է կազմակերպիչը՝ տեղեկացնելով,որ ճամբարի տրանսպորտային միջոցները տրամադրել է ԱՀ ԿԳՍՄ նախարարությունը՝ Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ։

«Ճամբարի ծախսերի համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքել է մեր հայրենադարձ ընկեր Արման Կոմշույանը, իսկ տեխնիկական ծախսերը հոգացել է Հերմինե Փախանյանցը»,- ասաց  Վ. Վարդանյանը:

 

  • Կիսվել: