երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը

Արցախցի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման նպատակով մեկնարկել է  «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:

«Դեռ Արցախում  «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը  բազմաթիվ  ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար: Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության  վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունն սկսել է «Թեւեր»  ծրագիրը՝  մեր երխաներին  և նրանց  ծնողներին «թևեր տալու» նպատակով: Հուսով ենք, այն կօգնի  նրանց հաղթահարել դժվարությունները եւ լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:

Ծրագիրը նախատեսված է 4-18 տարեկան  արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում:

Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տևող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձևերի ու թերապիաների  (լող, ֆուտբոլ, արտթերապիա և այլ) միջոցով  ֆիզիկական և  հոգեբանական ուժերի վերականգնմանը՝  4-18 տարեկան երեխաների համար եւ մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝  12-18  տարեկան երեխաների համար: 

Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետեւանքները,  արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և լիարժեք կյանք վերադառնալ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: