շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցի երեխաների աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես-վաճառքի շրջանակում

Արցախցի երեխաների աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես-վաճառքի շրջանակում

Նոյեմբերի 25-ին, ժամը 17:00-ին «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Dvin Music Hall-ի ցուցասրահում կկազմակերպվի Հայաստան տեղահանված արցախցի երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կուղղվի Երևանում Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնի վերաբացմանը։  

Օրերս «Թովմասյան» հիմնադրամն արցախցի փոքրիկների համար կազմակերպել էր նկարչության վարպետության դաս։ Ծրագրին մասնակցած 40 երեխա նկարել է հայրենիքը, հայրենի բնությունը, երազանքներն ու նպատակները։ 

Վարպետության դասի ընթացքում երեխային մասնագիտական աջակցություն են ցուցաբերել, ինչպես Ստեփանակերտում նախկինում գործող մանկական ստեղծագործական կենտրոնի ուսուցիչները, այնպես էլ հրավիրյալ նկարիչներ Էլզա Եղիազարյանն ու Արմեն Հակոբջանյանը։ «Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնություններն անհրաժեշտ ու կարևոր են՝ նպաստելու փոքրիկ արցախցիների տաղանդի զարգացմանը։ 

Նրանց ստեղծած յուրաքանչյուր կտավ վկայությունն է անսասան ոգու և տոկունության։ Այս նախաձեռնության հասույթը կուղղվի վերականգնելու այն ստեղծագործական ներուժը, որը տարիներ շարունակ առկա էր Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնում։ Հուսով ենք, որ միջոցառման ընթացքում կկարողանանք վաճառել բոլոր առկա կտավները»,- նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Իննա Հովհաննիսյանը։

  • Կիսվել: