երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի ամուսինները վարսավիրանոց են բացել Գոշում

Արցախցի ամուսինները վարսավիրանոց են բացել Գոշում

Դիլիջանից ոչ հեռու գտնվող Գոշ գյուղում առաջին վարսավիրանոցն է բացվել, հիմնադիրներն էլ արցախցի ամուսիններ են՝ 32-ամյա Խաչատուր Ավետիսյանն ու Վարսենիկ Բուդաղյանը։ Վարկ են վերցրել, փոքրիկ տնակ տեղադրել, որ իրենց հանապազօրյա հացն իրենք վաստակեն։ Գրում է Սպուտնիկ Արմենիան։
 
Супруги Варсеник Будагян и Хачатур Аветисян у своей парикмахерской - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
«Էն ժամանակ գնում էին Դիլիջան կամ Հաղարծին, հիմա մեզ մոտ են գալիս։ Հարևան գյուղերից էլ են գալիս։ Մեր գյուղացիները շատ լավն են, ուզում են իրենց այցելությամբ մեզ օգնած լինել»,- ասում է Վարսենիկը, որը, ի դեպ, Դիլիջանի Խաչարձան գյուղից է։
 
«Տավուշեցի՞ եք, թե՞ արցախցի» հարցին առանց հապաղելու պատասխանում է՝ «հայ եմ ու արցախցի»։
 
2014-ին է հարս գնացել Հադրութի Մեծ Թաղեր գյուղ։
 
«Էդ էն գյուղն է, որ թուրքը ոտք չէր դրել․․․ երբեք»,- ավելացնում է Խաչատուրը։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Խաչատուրը պայմանագրային ծառայության անցավ։ Ամեն ինչ լավ էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
 
«Խաչոն կռվում էր, հեռախոսակապ չկար, չէինք կարողանում շփվել, զանգել չէր լինում, պահի տակ ասում էին՝ Խաչոն զոհվել ա։ Դուրս էինք գալիս գյուղում պտտվելու, տեսնում էինք՝ լռություն է, երեխա չկա, մարդ չկա, սաղ գնացել էին։ Մերոնք համոզեցին, հոկտեմբերի 4-ին երեխեքի հետ (8, 6 և 4 տարեկան) եկա Դիլիջան։ Ամսի 8-ին Խաչոն վիրավորվեց»,– պատմում է Վարսենիկը։
Դիտակետից նայելիս ականը պայթել էր ուղիղ Խաչատուրի դիմաց, աջ աչքը հիմա ընդհանրապես չի տեսնում, ձախ աչքն էլ` շատ քիչ։
 
Хачатур Аветисян у входа в парикмахерскую - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Մտքներով չէր անցնում, որ 44-օրյա պատերազմն այսպես կավարտվի, տնից դուրս գալիս մի երկու փոխնորդ շորից բացի այլ բան չէին տարել։ Էլ գնալու տեղ չունեին, ուստի մնացին Գոշում՝ հույսով, որ իրավիճակ կփոխվի, տուն կվերադառնան։ Դրա փոխարեն ևս 100 հազար մարդ նրանց ճակատագրին արժանացավ։
 
«Տեղահանությունից հետո շատ ծանր վիճակ էր, եռամսյա անվճար ուսուցում էր՝ մատնահարդարում, վարսահարդարում և խոհարարություն, ընտրեցինք վարսահարդարումն ու 2-ով մասնակցեցինք»,- պատմում է կինը։
 
Парикмахер Варсеник Будагян в отражении зеркала в парикмахерской - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
 
Վարսահարդարման հանդեպ հետաքրքրություն միշտ է ունեցել, բայց որ մի օր դա իր աշխատանքը կդառնա, մասնագիտությամբ տնտեսագետ Վարսենիկը չէր մտածել։ «Սոս» մանկական գյուղերի «Կյանքի հմտություններ և զբաղունակություն «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում»» ծրագրով 2021 թվականին ձեռք բերած հմտությունները նոր կյանք սկսելու հնարավորություն դարձան։
 
«Մենք ձգտում ունեինք, իրենք էլ փորձում էին օգնել, առաջ տանել»,– ասում է Վարսենիկը։
Նեղսրտում է, որ մազերի ներկման աշխատանքներ լիարժեք անել չի կարողանում, որովհետև տնակում ջուր չկա։
 
«Գյուղացիների մազերին ներկը քսում եմ և տուն ուղարկում` լվանալու»,- ասում է նա։
 
Թեպետ Խաչատուրն էլ է վարսահարդարում սովորել, բայց աշխատել չի կարողանում։ Հենց մկրատը ձեռքն է վերցնում, լարում է տեսողությունը, գլխացավեր են սկսվում։
«Ես սկզբում գլխացավերիս մասին բան չէի ասում, չէի ուզում, որ ինձ թոշակի ուղարկեին, ծառայել էի ուզում։ Երկու անգամ դիմեցի, ասեցին՝ պիտանի չես ծառայության»,- պատմում է Խաչատուրը ու ավելացնում՝ բայց եթե մի բան լինի, ո՛չ տեսողությանն է նայելու, ո՛չ էլ գխացավերին, պաշտպանելու է իր տունն ու հողը։
 
«Հա, էս էլ է իմ հողը, Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես Ղարաբաղն ու Հայաստանն իրարից չեմ առանձնացրել։ Հիմա մենակ կարոտս գերեզմաններն են, որ թողեցի․․․»։
Վարսենիկը ընդհատում է Խաչատուրի խոսքը և նրա փոխարեն շարունակում՝ հայրը 92--93 թվականներին Արցախի ազատագրման ժամանակ անհետ կորածներից է։
Հետ գնալու մասին երազում են, բայց մի պայմանով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինի, կարգավիճակ ունենա։
 
Մինչ այդ սիրով պատրաստ են Գոշում ապրել։ Հույս ունեն՝ բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ կստանան ու կկարողանան գյուղում իրենց տունն ունենալ, առայժմ ծանոթի տանն են։ Նախորդ տարվա հոկտեմբերից վարձավճարի փոխհատուցում չեն ստանում։ Հաճախ են հետաքրքրվում, թե իրենց համար ինչ ծրագիր է լինելու, առայժմ պատասխան չկա։

  • Կիսվել: