ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն իռլանդացի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Արարատ Միրզոյանն իռլանդացի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարար Միհել Մարտինի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն: 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են, մատնանշվել է մասնավորապես սննդամթերքի, դեղորայքի սուր պակասը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր այսօրինակ գործողություններով շարունակ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացումը: 

Արարատ Միրզոյանը, վկայակոչելով մինչ օրս միջազգային հարթակներում գործընկերների, այդ թվում՝ Իռլանդիայի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, կարեւորել է ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման եւ Ադրբեջանի մտադրությունների կանխման ուղղությամբ հետեւողական քայլերի ձեռնարկումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:

  • Կիսվել: