կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջաձորում ջրային ցանց է կառուցվում. առօրյան՝ համայնքապետի ներկայացմամբ

Առաջաձորում ջրային ցանց է կառուցվում. առօրյան՝ համայնքապետի ներկայացմամբ

Պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ՝ գյուղացիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:
 
«Գյուղն ունի 660 բնակիչ: Դպրոցը՝ 129 աշակերտներով, վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին, մանկապարտեզը նույնպես վերաբացվել է դեկտեմբերի 1-ին. ունի 25 սան: Պատերազմական գործողություններից հետո գյուղում քսաներկու ընտանիք է վերաբնակեցվել:
 
Համայնքապետարանի շենքը գործում է գյուղի ազատ տներից մեկում: Հանդիսությունների սրահ չունենք: Բուժկետը գտնվում է վթարային վիճակում:Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր, որի համար այս պահի դրությամբ գյուղում ջրային ցանց է կառուցվում: Ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող ճանապարհը:
 
Վերանորոգվում են գյուղի՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված տղաների տները. երեք տան վերանորոգման շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է համայնքապետը:
 
Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Վ. Անդրեասյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, գյուղատնտեսությունը, այգեգործությունը,բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, ոմանք էլ աշխատում են «Կաշենի» հանքում: Այս օրերին գյուղում խոտհունձի աշխատանքներ են իրականանում:

  • Կիսվել: