հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Վիտյա Յարամիշյան

«Ապրելու Արցախ». Վիտյա Յարամիշյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբ.գիտ.թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանն է:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ համեմատաբար շատ անելիքներ կան հատկապես ապագայի նկատմամբ մարդկանց խարխլված հավատը վերականգնելու ուղղությամբ, ինչից ուղղակիորեն կախված է նրանց՝ Արցախում ապրելու խնդիրը:

«Արցախը հիմա վիրավոր է, ընդ որում՝ վնասվածքներն ընդգրկել են բոլոր ոլորտները՝ տարածքային կորուստներ, անվտանգային, գոյաբանական, սոցիալ-հոգեբանական: Խաղաղապահ ուժերի առկայությունը համարում եմ նշված խնդիրներից մի քանիսի լուծման երաշխավոր: Արցախը հիմա մեծ շինհարթակ է հիշեցնում, ինչը նույնպես որոշակի ազդակներ ու հույսեր է ներշնչում: Ստեղծված իրավիճակում, այս ուղղություններով կատարված աշխատանքը համարում եմ բավարար: Կարծում եմ, որ պետք է անպայման պահպանել լավատեսությունը, գնահատել այն ամենը, ինչ ունենք, հետևողականորեն բազմապատկել մեր կարողությունները և կրթվել: Սովորելը յուրաքանչյուրի համար պետք է դառնա հիմնական պահանջմունք: Հակառակ դեպքում մենք կխարխափենք խավարում ու հնարավորություն կտանք մեր թշնամիներին, որ մեզ խաբեն, գայթակղեն, մանիպուլյացիաների ենթարկեն, կառավարեն...: Պետք է խիզախել, գործել ու չվախենալ սխալվելուց, իսկ իշխանությունները պետք է լինեն մի փոքր ավելի հեռատես, ունենան վերլուծական կենտրոններ, կարողանան համադրել քննարկել, վերլուծել, պլանավորել, հաշվարկել և ի կատար ածել», - մեզ հետ զրույցում նշեց Վ. Յարամիշյանը և հավելեց, որ Արցախում պետք է ապրել, այն պարզ պատճառով, որ այստեղ ապրել են մեր պապերն ու ապուպապերը:

«Արցախը մեծ աշխարհի մեր բաժին հողակտորն է, մեր տունն ու տեղը, մեր հայրենիքը: Ապրել ու գործել հայրենքիում՝ նվիրում կամ հայրենասիրություն չէ, այլ պարզ պարտականություն», - եզրափակեց Վ. Յարամիշյանը:

  • Կիսվել: