ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Մանե Թանդիլյան

«Ապրելու Արցախ». Մանե Թանդիլյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում  «Արցախպրես»-ի հյուրն է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Արցախը կա ու լինելու է հայկական, Հայաստանի կողքին, Հայաստանի հետ»,- Արցախի լինելիության ու ապագայի մասին զրույցն այսպես է սկսում տիկին Թանդիլյանը: Իր՝ այստեղ գտնվելն էլ է համարում հստակ ուղերձ՝ որ ոչ ոք Արցախից հրաժարվելու միտք չունի:

Արցախի ապագայի նկատմամբ տիկին Թանդիլյանն լավատես է. «Անելիքները, սակայն, շատ են ու բոլոր ուղղություններով»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ մենք աշխատանք ունենք անելու՝ Արցախյան հիմնահարցի հայանպաստ ու արդարացի լուծմանը հասնելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Որպես պատասխանատու պաշտոնյա՝ ստանձնեցի սոցիալական հրատապ խնդիրներին օր առաջ լուծում տալու պատասխանատվությունը: Մենք պայմաններ ենք ստեղծել Արցախ վերադարձած մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավման ու նրանց բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Մեր առջև դրված կարճաժամկետ խնդիրը՝ տարբեր սոցիալական ծրագրերով, տարբեր ենթակառուցվածքային շտկումներով, կարծում եմ, լուծում ստացավ: Հիմա արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ աշխատանքների փուլն է, երբ պետք է արագորեն տներ կառուցվեն և տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի արցախցին լինի ինքնաբավ՝ եկամտի իմաստով, և Արցախում ապրելով՝ հնարավորություն ունենա վաստակել ու ապահովել իր ընտանիքը: Մենք, այսօր արդեն, կարող ենք արձանագրել, որ արցախցին, այդքան արհավիրքների միջով անցնելով, վերադարձել է հայրենիք, և չի լքելու, շարունակելու է ապրել այստեղ՝ եթե մենք պատշաճ կատարենք այն աշխատանքը, ինչի անհրաժեշտությունն իսկապես կա»,-ասում է Մանե Թանդիլյանը և հավելում.«Հույս ունենալ, թե արցախցին բացառապես հայրենասիրական մղումով պիտի գա ու ապրի իր հողում՝ սխալ և անարդար մոտեցում կլինի արցախցու նկատմամբ, հետևաբար ես համոզված եմ, որ պետությունն ու կառավարությունն այստեղ անելիք ունեն:

Արցախում պետք է հավերժ ապրեն հայեր՝ տեր կանգնելով իրենց հողին»:

 

  • Կիսվել: