հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը պայմանավորվածությունների իրականացման հանդեպ. Զախարովան՝ ԼՂ խնդրի մասին

Ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը պայմանավորվածությունների իրականացման հանդեպ. Զախարովան՝ ԼՂ խնդրի մասին

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ պարբերաբար հնչող ապակայունացնող բնույթի հայտարարությունները խարխլում են հավատը այն պայմանավորվածությունների իրականացման հանդեպ, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությամբ և ամրապնդվել են դրանից հետո:

Այս մասին Զախարովան ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի վերաբերյալ տարբեր երկրներից հնչող հռետորաբանությանը։

Նա համոզմունք է հայտնել, որ վերադարձը խաղաղ կյանքի հնարավոր է կողմերի, ինչպես նաև այնտեղ ներգրավված ուժերի աջակցությամբ։

՛՛Որքան ավելի շատ տեղեկատվություն լինի կառուցողական գործողությունների մասին, կառուցողական քայլերի լուսաբանում, ոչ թե հորինված լուրեր, այնքան ավելի մեծ հավատ կունենան մարդիկ իրավիճակի ամբողջական կարգավորման նկատմամբ։ Իսկ դա խիստ կարևոր է՛՛,-ասել է Զախարովան։

Նա հավելել է նաև, որ կարևոր է բնակչությանն իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին: Զախարովայի խոսքով՝ այս ամենին խանգարում են այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք տարբեր երկրների տարբեր գործիչներից, տարբեր ժամանակահատվածներում։ Ցավոք սրտի, դրանք պարբերական են, ապակայունացնող բնույթի և կոչված են մարդկանց վախ ներշնչել, անվստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ, և խարխլել հավատը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման հանդեպ։

՛՛Սադրիչ հայտարարություններ, նսեմացուցիչ, ֆեյք լուրեր` ինչ ասես եղել է այս ընթացքում։ Ցանկացած հռետորաբանություն, որը մենք լսում ենք կողմերից, պետք է համապատասխան լինի առաջնային խնդրին և ընդհանուր նպատակին, որը նշված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերում՛՛,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: