«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում նվեր-տուփերի հերթական խմբաքանակն է պատրաստում արցախցի նորածինների համար
«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում նվեր-տուփերի հերթական խմբաքանակն է պատրաստում Արցախում ծնված երեխաների համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը:


Նրա խոսքով՝ նվեր-տուփերի մեջ հիմնականում հայկական արտադրության պարագաներ են:

«Մեր նպատակներից է նաև նպաստելը հայրենական արտադրության խթանմանը: Տուփերում ներառվող հագուստը հայաստանյան «Լալունց» ֆիրմայի արտադրանքն, որի հետ համագործակցում ենք առաջին օրվանից, խաղալիքն արցախյան, իսկ դեղատնային պարագաները եվրոպական են»,-նշել է նա:

Հիմնադրամի ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախի շրջափակումը բավականին խոչընդոտներ է հարուցել իրենց գործունեության համար. նախկինում նույնիսկ մեկ օրով նվեր-տուփրը չէին ուշացնում՝ ծննդատուն հասցնելով ժամանակին:
Նրա խոսքով՝ այս ընթացքում պատահել է, որ երեխայի ծնվելուց հետո նրա տվյալները վերցնում էին մայրիկից, բայց նվերները հանձնում էին երեք շաբաթ անց:

Մեր զրուցակիցը հայտնել է, որ ներկայում 400 նվեր-տուփ են պատրաստում, որը կբավականացնի, որպեսզի նվիրեն ինչպես այն մայրիկներին, որոնք դեռ չեն ստացել, այնպես էլ այն բալիկներին, որոնք կծնվեն առաջիկա երկու ամիսներին:

«Ինչ էլ լինի՝ մենք կանք, ապրում ենք Արցախում, պայքարում մեր վաղվա օրվա համար: Ես կոչ եմ անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ հնարավորություն սահմաններում օգնելու Աննա Աստվածատուրյան հիմնադրամին, սատար կանգնելու, որպեսզի ծրագիրը շարունակական լինի: Նպատակ ունենք այն իրականացնել Սյունիքի, Տավուշի մարզերում և ինչու չէ, նաև ամբողջ Հայաստանում»,-ընդհանրացրել է հիմնադրամի ներկայացուցիչը: