ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես այսօր Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հնարավորությունը չեմ տեսնում. ԱԺ նախագահ

Ես այսօր Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հնարավորությունը չեմ տեսնում. ԱԺ նախագահ

Պրակտիկորեն շատ մեծ ճանապարհ պետք է անցնի, որ դա հնարավոր լինի, անկեղծ ասած, այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի՝ Արցախն Ադրբեջանին վերաինտեգրման հարցում։

Նա նշեց, թե ուրախ է, որ Արցախի հարցի շուրջ բանակցություններում բարձրացրել են Արցախի դերը։ 

Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունները տեխնիկական հարցեր են քննարկում՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.«Ի՞նչ գիտեք։ Հիմա Արցախի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել, և ես չեմ կարծում, թե պետք է մտնել այդ խոսակցության արանքը և փորձել մոդերատորի դեր խաղալ։ Իհարկե, մենք մեր կարծիքն ասում ենք, մեր դիրքորոշումները հայտնում ենք, բայց որոշումները կայացնում է Արցախի իշխանությունը»։

Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչ վերաինտեգրման մասին է խոսքը, երբ ուղիղ կերպով Ադրբեջանը կրակում է մարդկանց վրա։
Սիմոնյանը, ինչպես վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը գնում է էթնիկ զտումների ճանապարհով։
 
Անդրադառնալով Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների հայտարարությանը, որում նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում էին կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ալեն Սիմոնյանն ասաց, թե իրենք որեւէ իրավունք կասկածի տակ չեն դնում, այլ խոսում են իրավունքների իրականացման հնարավորության մասին։
 
«30 տարի մենք գնացել ենք այն ճանապարհով, որը բոլորիս հայտնի է ու տեսել ենք՝ ինչ արդյունք ենք ունեցել։ Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն իրենք զբաղվել իրենց իրավունքներով։ Կտեսնենք, թե Լեռնային Ղարաբաղի  իշխանության արտաքին քաղաքական վեկտորը ինչ փոփոխություններ կապրի, եւ ուր կտանի էդ վեկտորը, իսկ մենք սատար կկանգնենք»,– ասաց նա։

  • Կիսվել: