հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ամփոփվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը

Ամփոփվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպել է դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդես, որի արդյունքում, համաձայն հանձնաժողովի անդամների որոշման, հաղթել է 11 մասնակից:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Հայտարարված մրցույթի արդյունքում նախարարություն է ներկայացվել 36 հայտ, որից 12-ը գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ծրագրերի եռօրյա քննարկումների արդյունքների ամփոփմամբ, դրամաշնորհային ծրագրերի «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով» ուղղության 12 հայտատուներից հաղթող են ճանաչվել 3-ը՝ Ռուբեն Հայրիյանը՝ (լոլիկի արտադրություն), Արմեն Գարաքյանը (ջերմոցային տնտեսություն), Արմինե Բալասանյանը (հավաբուծություն): «Մշակող արդյունաբերության զարգացում» ուղղության 17 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ «Կամելլիա Պլյուս» ՍՊԸ֊ն (մակարոնեղենի արտադրություն), Օհանես Ասմարյանը (չրերի, մեղրի և օղիների արտադրություն), Խաչիկ Գալստյանը (դոշաբի արտադրություն), Վալերի Ղազարյան ԱՁ֊ն (ասեղնագործ սպորտային հագուստի արտադրություն): «Գյուղական տուրիզմի զարգացում» ուղղության 7 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ Արտակ Գրիգորյանը («Սար Սերֆինգ»), Արամ Ավագյանը (հիպոտուրիզմ, Ռև համայնք), «Ստեփան Գրիգորյան» ԱՁ֊ն («Ստեփանս բեյքրի» զբոսաշրջային տան ընդարձակում, Պատարա համայնք), Լիանա Գասպարյանը (սննդի կետի բացում և արշավների կազմակերպում, Պատարա համայնք)», - նշեց Գ. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում և ստանձնում է հաղթող ճանաչված ծրագրերի իրագործման ամբողջ ընթացքի վերահսկման պարտավորություն՝ սահմանելով ծրագրերի իրականացման ընթացքում միջանկյալ և ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամանակացույց: Դրամաշնորհի պայմանագրով սահմանված պայմանների խախտման դեպքում՝ ծրագրի շահառուն պարտավորվում է սահմանված ժամկետում գումարը հետ վերադարձնել Արցախի Հանրապետության պետական բյուջե:

  • Կիսվել: