ԱՀ պետնախարարը Մարտունու շրջանում ներկայացրել է շրջափակման հետևանքները մեղմելու նպատակով պետության կողմից ձեռնարկվող միջոցները
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանի համայնքների ղեկավարների ու Մարտունի քաղաքի բնակիչների հետ։
Նա, մասնավորապես, գրել է․
«Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանի համայնքների ղեկավարների ու Մարտունի քաղաքի բնակիչների հետ: Իմ կողմից ներկայացվել են Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին պաշտոնից ազատելու և Հունան Հայրումյանին շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին կառավարության որոշումները, երախտագիտություն եմ հայտնել պարոն Ավանեսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել պարոն Հայրումյանին հետագա աշխատանքում:
Տեղում լսել եմ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մտահոգություններն ու դժգոհությունները, պատասխանել նրանց հարցերին, ներկայացրել շրջափակման հետևանքները մեղմելու նպատակով պետության կողմից ձեռնարկվող միջոցները, ունեցած հնարավորություններն ու խնդիրները:
Խոստացել եմ ավելի հաճախակի այցելել շրջանի համայնքներ և բնակչության հետ անմիջական շփումներով ոչ միայն առաջնային աղբյուրից ծանոթանալ գոյություն ունեցող խնդիրներին, այլև հանրությանը ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվում են կառավարության կողմից»: