չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԱՀ ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Օրվա առթիվ ուղերձ է հղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

 
Ուղերձում ասված է.
 
«Թատերարվեստի հարգարժան գործիչներ
 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:
 
Թատրոնը անձի և հասարակության գեղագիտական ու հոգևոր դաստիարակության անփոխարինելի միջոց է: Այն բոլոր ժամանակներում եղել ու մնում է վեհի, գեղեցիկի, բարոյականի հետ առնչվելու, իրական կյանքի արտացոլման, կենցաղայինից մինչև արժեհամակարգային խնդիրների վերհանման ու դրանց հնարավոր լուծումների առաջադրման հարթակ: Թատրոնն անբացատրելի հույզեր ու վառ գույներ է բերում մեր կյանք՝ տանելով դեպի անհատական ու համազգային երազանքների կերտում, վեհ գաղափարների իրագործում, մղում մարդասիրության ու հայրենասիրության:
 
Մեր հասարակությունը բոլոր ժամանակներում առանձնահատուկ վերաբերմունք է տածել թատրոնի և թատերական գործչի հանդեպ: Հետպատերազմյան ու շրջափակված Արցախում, ցավոք, թատրոնը պակասել է մեր կյանքում: Լիահույս եմ՝ մեր թատերական գործիչների նվիրումի, արվեստի ու հանդիսատեսի հանդեպ սիրո շնորհիվ և պետական հոգածության արդյունքում հնարավոր կլինի վերականգնել արցախյան թատրոնի երբեմնի շուքը:
 
Բեմարվեստի հարգարժան գործիչներ, թատրոնի նվիրյալներ, դուք եք թատրոնի անմար կրակի պահապանները: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական խիզախումներ, հավատարմություն բեմին ու հանդիսատեսին, լեփ-լեցուն դահլիճներ»:
 

  • Կիսվել: