երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանն իրականում մեկ նպատակ ունի՝ Արցախն Ադրբեջանին բռնակցել․ պետնախարար (տեսանյութ)

Ադրբեջանն իրականում մեկ նպատակ ունի՝ Արցախն Ադրբեջանին բռնակցել․ պետնախարար (տեսանյութ)

Ադրբեջանն իրականում մեկ նպատակ ունի՝ Արցախի ժողովրդին ճնշելով՝ Արցախն Ադրբեջանին բռնակցել և, եթե էդ ընթացքում էս ժողովրդին չբնաջնջեն, ապա Արցախում մնացած ժողովրդին ուղղակի հարկադրաբար հպատակեցնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարը։

Գուրգեն Ներսիսյանն ընդգծում է՝ երբ հայտարարում են, որ տեղի ունեցողը Ադբեջանի հպատակեցման գործողություններ են և Ադրբեջանն իր առջև դրված նպատկներին հասնելու համար պատրաստ է ցեղասպանել Արցախի ողջ ժողովրդին, նկատում են, որ միջազգային մի շարք դերակատարներ կա՛մ աչք են փակում, կա՛մ չեն ուզում ընդունել դա։

«Այդ դեպքում ես հարց եմ տալիս՝ լավ, եթե դա այդպես չէ, ապա ո՞րն է Ադրբեջանի նպատակը և ի՞նչ է, ի վերջո, Ադրբեջանը սրանով ուզում», - հարցնում է պետնախարարը։

Ներսիսյանի խոսքով՝ շրջափակման յոթ ամիսների ընթացում Ադրբեջանի գործողությունները, պատճառաբանությունները, նպատակները, ընդ որում, առանց պատասխանատվության որևէ զգացումի, տրանսֆորմացիայի են ենթարկվում։

«Սկզբում բնապահպանական նպատակներով ճանապարհ փակվեց, հետո իբր Հայաստանից Արցախ զենքի տեղափոխումը կանխելու նպատակով անցակետի հատվածում փակվեց, հետո բեռների վերահսկողության նպատակով սկաներ սարք տեղադրվեց, հետո անցակետ տեղադրվեց, հետո սկաները հանվեց, հետո դրոշի տեղադրման հետ կապված վեճեր իբր առաջացան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև և ընդհանրապես ճանապարհը փակվեց այն աստիճան, որ նույնիսկ հումանիտար բեռնափոխադրումներ չկազմակերպվեցին դեպի Արցախ», - ասաց Ներսիսյանը՝ շեշտելով՝ եթե ՄԱԿ-ն ու ՄԱԿ-ի անդամ երկրները անհաղորդ չգտնվեն Արցախում ստեղծված իրավիճակին, ապա լուծումներն, այդ թվում՝ ՌԴ-ի հետ կապված շատ արագ կգտնվեն։

«Նույն ռուս խաղաղապահների հետ կապված որոշումներ կընդունվեն․ լիազորություններ կտան և անհրաժեշտության դեպքում նույնիսկ հնարավորություն կտան հավելյալ գործողությունների և քայլերի, որոնք որ անհրաժեշտ կլինեն՝ Արցախում անվտանգություն ապահովել», - եզրափակեց պետնախարարը։

  • Կիսվել: