Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Մակրոնին
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն կրկին թիրախավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս անգամ պատճառը, ըստ Հաջիզադեի, ՛՛դեսպանների համաժողովում Մակրոնի արած հայտարարություններն են՛՛:
Նրա խոսքով՝ դրանք ՛՛խաթարում են խաղաղ գործընթացը և թյուր պատկերացում են ստեղծում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՛՛:
Հաջիզադեն, մասնավորապես, ընդգծել է Մակրոնի կողմից ՛՛Լաչինի մարդասիրական միջանցք՛՛ ձևակերպում, որը նրա կարծիքով ՛՛անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը, մասնավորապես, ասել է. ՛՛Այս շաբաթ կբանակցեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կպահանջեմ ամբողջությամբ հավատարիմ մնալ Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում դիվանագիտական նոր նախաձեռնությամբ հանդես կգամ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով՛՛: