երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին։

«2023 թվականի հունվարի 10-ին ադրբեջանական Azərbaycan Ordusu/Ordu.az ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութերի շարք, ուր ներկայացվում էր առատ ձյունը օկուպացված Արցախի տարբեր շրջաններում: Տեսանյութերից մեկը նկարահանվել էր Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում, Անատոլի Զինևիչի անվան փողոցում: Այստեղ 2014 թվականին բացվել էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին:

Ադրբեջանական տեսանյութի 7-րդ վայրկյանից երևում է այն տեղը, որտեղ գտնվել է կիսանդրին: Տեղում երևում են միայն պատվանդանի մնացորդները: Ակնհայտ է, որ կիսանդրին ավերվել կամ հեռացվել է:

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։ 

  • Կիսվել: