հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում. Ներսիսյան

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում. Ներսիսյան

Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով: Այդ մասին ասել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվեն քննարկման կառուցողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը»,- նշել է պետնախարարը:

Նրա խոսքով՝ նախկինում ևս եղել են ամենատարբեր հանդիպումներ ու պայմանավորվածություններ, սակայն դրանք երբեք չեն պահպանվել: «Այսօր արդեն ունենք այն վիճակը, որին ականատես ենք բոլորս»,- ասել է նա:

«Ես համոզված եմ, որ ՌԴ-ը կարող է և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում: Պետք է կանգ առնել և հստակ հասկանալ, թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով, ում օրակարգով և ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաև սեփական օրակարգը: Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը և դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

«Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու ԼՂ ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

«Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,- նշել է նա:

  • Կիսվել: