կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկնարկել են ԱԺ նստաշրջանի աշխատանքները․ ուղիղ

Մեկնարկել են ԱԺ նստաշրջանի աշխատանքները․ ուղիղ

Մեկնարկել են Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից 8-ը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Օրակարգում է մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:

Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռեւս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով կրկին դիմեց ՍԴ։ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Չնայած դժգոհություններին՝ իշխանականներն էլ պնդում են, թե Հռոմի ստատուտը վավերացնում են, որպեսզի կարողանան միջազգային բարձր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնել:

  • Կիսվել: