ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 10-ին ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ: Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների առթիվ:

«Ձեր հաջողությունները շատ ոգևորիչ են ոչ միայն մեզ, այլև պատանիների համար: Շատ ուրախ եմ, որ մարզաձևերի ցանկն ընդլայնվում է, ու հաջողություններ ենք գրանցում տարբեր մարզաձևերում: Այս տարի մեր մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել, ու սա շատ ուրախալի է: Սա նշանակում է, որ մարզիկները ցանկացած մրցաշարի հանդես են գալիս մեծ սրտացավությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Կառավարությունը շարունակաբար մեծացնում է սպորտին տրամադրվող աջակցությունը: Բացի տարեսկզբին տրամադրվող հիմնական ֆինանսավորումից, արդեն երկրորդ տարին ֆեդերացիաներին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում: Սա, վստահ եմ, օգնում է մարզիկներին կենտրոնանալու բացառապես իրենց մրցելույթների և մարզավիճակի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզիկներին՝ նշելով, որ շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է կայուն մրցելույթները: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կանանց թիմը կկարողանա ձեռնոց նետել տղամարդկանց հավաքականին:

Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:

Էլինա Դանիելյանի խոսքով՝ տպավորությունները շատ մեծ են եղել. «Առաջին անգամ էր անցկացվում զույգերի Եվրոպայի առաջնություն, ու մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդպիսի մեծամասշտաբ մրցաշարում: Կարելի է ասել՝ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունում գրեցինք մեր անունը: Իրարանցումը շատ մեծ էր: Շախմատային աշխարհը շատ դրական արձագանքեց այդ մրցաշարին: Կարելի է ասել՝ պատմության մեջ մտանք»:

Նշվում է, որ Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մյուս մարզաձևերին, որոնցում հայ մարզիկները հաջողություններ են գրանցել. «Մուայթայի համար սա առաջին էական հաջողությունն է պաշտոնական մրցումներում. մարզաձևը մեր տեսադաշտում է: Անիտա Մակյանը հիանալի հաջողություն գրանցեց կարատեում: Իսկ հրաձիգները ուրախացնում են իրենց կայուն ելույթներով»:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում նաև մի շարք հուզող հարցեր բարձրացրել:

  • Կիսվել: