Զախարյանն ունի անհրաժեշտ որակներ՝ «Ռեալ Սոսյեդադում» լավ հանդես գալու համար. Դմիտրի Խոխլով
Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ունի անհրաժեշտ որակներ՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադում» լավ հանդես գալու համար։ ТАСС-ին ասել է իսպանական ակումբի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Խոխլովը, որն այժմ գլխավորում է «Սոչին»։
Շաբաթ օրը «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր հայազգի Զախարյանի՝ Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխության մասին։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։
«Իսպանական առաջնությունն ու «Ռեալ Սոսյեդադը» լիովին համապատասխանում են Արսենին։ Ինձ թվում է, որ ադապտացիայի հարց կլինի, այսինքն՝ որքան արագ նա կհարմարվի: Իսկ խաղի պլանում սա այն է, ինչ հարկավոր է: Արագ հարմարվելու համար գլխավորը գործընկերների հետ փոխըմբռնումն է, լեզուն սովորելը և թիմի ներսում լինելը։ Արսենն ունի բոլոր որակները, դրանք են տեխնիկան, արագությունը, լավ դրիբլինգը և ֆուտբոլի ընդհանուր պատկերացումը: Ինձ թվում է, որ պետք չէ առանձնացնել մեկ որակ, սա այն հավաքածուն է, որը թույլ կտա նրան խաղալ այնտեղ»,- ասել է «Սոչիի» գլխավոր մարզիչը։
Ըստ նրա՝ այժմ «Ռեալ Սոսյեդադը» խոշոր ակումբ է Իսպանիայում, սակայն «պարզ է, որ այնքան չէ, որքան «Բարսելոնան» և «Ռեալը»»:
«Բայց, այնուամենայնիվ, վերջին տարիներին այն իրեն լավ է դրսևորում առաջնությունում և եվրոպական ասպարեզում: Մինչև անցումային շրջանի մասին խոսելը, Արսենը նախ պետք է այնտեղ ապացուցի իր արժանիքները, իսկ հետո մտածի ավելիի մասին»,- հավելել է Խոխլովը։