կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Յուրիկ Հովեյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Յուրիկ Հովեյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: 

Իսպանիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հովեյանը 5-5 հաշիվը գրանցեց մոլդովացի Վիտալի Էրիոմենկոյի հետ գոտեմարտում, հայ ըմբիշը հաղթեց ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ:

Հայաստանի ներկայացուցիչը հունիսի 26-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր չեխ Մատուս Յանկովիչին, իսկ հաջորդ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակի էր հասել ադրբեջանցի Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ: Հովեյանը կիսաեզրափակիչում վաղաժամ հաղթել էր թուրք Ֆուրկան Էրկենին՝ 12-1:

Հոմերոս Առաքելյանը (55 կգ) 11-6 հաշվով հաղթեց թուրք Մուհամեդ Էմին Չակիրին և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաքելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8-0 հաշվով առավելության էր հասել իսրայելցի Ամարե Ֆետենեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը տուշեով հաղթել էր վրացի Թամազի Գլոնտիին, իսկ կիսաեզրափակիչում 0-8 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Էլմիր Ալիևին:

Քիչ անց Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ Գասպար Տերտերյանը (67 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մտել նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պարտվել են մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել պայքարից։ Վահե Հովհաննիսյանը (77 կգ) հունիսի 26-ին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 1-4 հաշվով պարտվել է ուկրաինացի Ռուսլան Աբդիևին։

Հայաստանի թիմը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։

  • Կիսվել: