հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ խաղերի փակմանը, մրցանակներ հանձնել հաղթողներին

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ խաղերի փակմանը, մրցանակներ հանձնել հաղթողներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողությանը:

Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակներ է հանձնել՝ «Համահայկական խաղերի գեղեցկուհի», «Լավագույն պատվիրակություն», «Արդարացի խաղ», «Համահայկական խաղերի հայտնություն», «Մարզական ոգի և արիություն», «Լավագույն քաղաք՝ արտերկրի և Հայաստանի Հանրապետության» անվանակարգերում հաղթողներին։

Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։

Լավագույն պատվիրակություն է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի պատվիրակությունը։

Արդարացի խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը։

Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը։

Մարզական ոգի և արիություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի թիմը։

Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել են Լոնդոնն ու Արթիկը։

Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:

Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով և Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարել փակված:

Նախագահն իր խոսքում ասել է.

«Ավարտին են մոտենում Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որոնք արդեն 25 տարի դարձել են կամուրջ աշխարհի տասնյակ երկրներում ապրող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի միջև:

Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել համահայկական խաղերի բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս, որովհետև ամառային խաղերն իրապես համահայկական միջոցառում է՝ իր բովանդակությամբ ու միասնականության խորհրդով:

Այս օրերին աշխարհի ամենահեռավոր անկյուններից Հայաստան եկած մեր բազմահազար հայրենակիցներն իրենց հետ նոր ուժ ու կորով են բերել: Ձեզանից շատերը գուցե և առաջին անգամ են ժամանել մայր հայրենիք և հավատացած եմ, որ դուք ձեր մտքում և հոգում տանելու եք ամենաջերմ հիշողություններ ու զգացմունքներ, որոնք դառնալու են ձեր վերադարձի գրավականը:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին համահայկական խաղերը նաև վկայությունն են մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի տոկունության և այսօր նաև նմանօրինակ ընդգրկուն միջոցառումներով ենք մենք ամրանում որպես պետություն, միաբանվում ու համախմբվում որպես ժողովուրդ, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր երկրի ու ժողովրդի առաջ կանգնած մարտահրավերներին: Բարդ ժամանակները պահանջում են անձնվիրություն, ջանք ու եռանդ՝ հաղթանակների ու հաջողությունների կերտման համար և համահայկական խաղերի անցկացումը այդ նվիրումի ու աշխատանքի արդյունքն է:

Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, բոլոր կազմակերպիչներին, կամավորներին ու մարզիկներին իրենց մասնակցության, անխոնջ աշխատանքի ու բարձր մակարդակով խաղերի անցկացման համար: Վստահ եմ, որ դուք շարունակելու եք կրկնապատկված եռանդով աշխատել առաջիկա 4 տարիներին՝ համահայկական 9-րդ ամառային խաղերին ընդառաջ և ավարտելով խոսքս.
Համահայկական 8-րդ ամառային խաղերը հայտարարում եմ փակված»:

  • Կիսվել: