երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին

Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ռուսական «Матч ТВ»-ին տված հարցազրույցում խոսել է նոր մրցաշրջանին ընդառաջ իր մարզավիճակի, ինչպես նաև սերբական ակումբի գլխավոր նպատակների մասին։

Կիրակի օրը «Ցրվենա Զվեզդան» WINLINE Սուպերսերիայի շրջանակում Սանկտ Պետերբուրգում ընկերական հանդիպում էր անցկացրել տեղի «Զենիթի» հետ, որն ավարտվել էր ռուսական ակումբի հաղթանակով՝ 3:1։

Խոսելով նոր մրցաշրջանից առաջ իր ֆիզիկական վիճակի մասին՝ Թիկնիզյանը նշել է, որ աստիճանաբար է մտնում հունի մեջ.

«Հավաքների ժամանակ միշտ էլ բարդ է, տեղ-տեղ մարզավիճակը դեռ չի բավականացնում, բայց դրանք հենց նրա համար են, որպեսզի հաղթահարես ինքդ քեզ։ Ահա և «Զենիթի» դեմ խաղում ֆունկցիոնալ առումով դեռ մի փոքր ծանր էր։ Բայց մարզավիճակ ձեռք ես բերում նաև նման հանդիպումների միջոցով»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդեն լիովին հարմարվել է թիմին, պաշտպանն ընդգծել է.

«Այո՛, ժամանակն աննկատ է թռչում. արդեն մեկ տարի է, ինչ թիմում եմ։ Շատ ուրախ եմ նրանից, թե որքան լավ ընդունեցին ինձ այստեղ։ Ափսոս, որ «Զենիթի» դեմ խաղում մեր երկրպագուներն այնքան էլ շատ չէին, բայց հաճելի էր, որ նրանք ներկա էին մարզադաշտում»։

Անդրադառնալով նոր մրցաշրջանի սպասելիքներին՝ Թիկնիզյանը եղել է հակիրճ, բայց և պահանջկոտ.

««Ցրվենա Զվեզդայում» սպասելիքները միայն մեկն են՝ չեմպիոնություն, երկրի Գավաթ և Չեմպիոնների լիգա»։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ծնված Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը սերբական թիմի կազմում դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր։

  • Կիսվել: