շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի. Արմեն Խաչատրյանն ու Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հետ

Սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի. Արմեն Խաչատրյանն ու Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հետ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 8-ին հանդիպել է «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզիչի եւ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Արմեն Խաչատրյանը, ողջունելով հարազատ քաղաքից ժամանած հյուրերին, հիմնականում անդրադարձել է Գորիսի մարզական կյանքին, առկա խնդիրներին: Նրա հավաստմամբ ընդհանրապես սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Շեշտադրվել է ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը, քանի որ այդ նույն մարզիկներն են մեկ-երկու տարի անց համալրում մեր բանակի շարքերը:

Կարեւորվել է նոր, ժամանակակից մարզադահլիճների եւ մարզասրահների կառուցումը, որտեղ կմարզվեն մեր ապագա չեմպիոնները: Հանձնաժողովի փոխնախագահն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք կլուծվեն մոտ ապագայում:

Սիսակ Գաբրիելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հանրապետության մարզաշխարհի իրավիճակը, կարեւորել ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությունը, ինչի արդյունքում լուծվում են մարզական կյանքում ծագած խնդիրները:

Հանրապետությունում գործում է շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոց: Կառավարության որոշմամբ մարզագույքով են համալրվել բոլոր մարզերի մանկապատանեկան մարզադպրոցները, այդ թվում` Գորիսինը: Պետական բյուջեից 2022 թվականին մարզական գույքի ապահովման ծրագրին հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:

Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ եկող տարի ԿԳՄՍ բնագավառին նախատեսվում է հատկացնել աննախադեպ` շուրջ մեկ միլիարդ դոլար գումար:

 

Նա ընդգծել է, որ Կառավարությունն անվտանգության եւ կրթության համար (որում ներառնված է սպորտը) գումար չի խնայում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մարզիչների ատեստավորմանը: Նշվել է, որ ամեն ինչ արվում է ատեստավորման ընթացքում հնարավոր կոռուպցիայից զերծ մնալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր եւս:

  • Կիսվել: