Սպասում էի, որ մեդալակիր կդառնամ, բայց ոսկե մեդալն անակնկալ էր. Արթուր Ավետիսյան
Սպասում էի, որ Եվրոպայի առաջնության մեդալակիր կդառնամ, բայց անսպասելի էր ոսկե մեդալ նվաճելը: Անակնկալ էր ինձ համար: Շատ ուրախացրեց ինձ այս մեդալը եւ ցույց տվեց, որ կարող է նաեւ լինել ոսկի: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ինձ, մեր թիմին դիմավորելու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի 2025 թ. բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ Երեւան:
«Շատ ուրախ եմ, որ ոսկե մեդալով եմ վերադառնում Եվրոպայի առաջնությունից: Տպավորություններս մեծ են: Շատ երկար սպասված մեդալ էր: Միշտ ինչ-որ բան պակասում էր եւ չէի կարողանում ոսկե մեդալակիր դառնալ: Այս անգամ Աստծո կամքով ստացվեց: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկել են ինձ, մեր թիմին դիմավորելու, նաեւ բոլոր նրանց, որոնք իմ կողքին են եւ միշտ կողքիս են եղել:
Առաջին անգամ եմ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով վերադառնում: Ամեն մրցաշարի գնում ենք սպասելիքներով եւ չես կարող գուշակել, թե ինչ գույնի մեդալով կվերադառնաս, կամ մեդալ կնվաճես, թե ոչ: Այս անգամ շատ լավ ստացվեց մրցաշարն ինձ համար:
Սպասում էի, որ Զագրեբում մեդալակիր կդառնամ, բայց անսպասելի էր, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Անակնկալ էր ինձ համար: Շատ ուրախացրեց ինձ այս մեդալը եւ ցույց տվեց, որ կարող է նաեւ լինել ոսկի:
Վահագն Դավթյանի հետ մրցակցությունն ինձ համար միշտ հաճելի է եւ ուսանելի: Վահագնը ինձ համար ավագ եղբայր է: Փոքր տարիքից նրան տեսնելով եմ մեծացել սպորտում: Նա ինձ շատ է ոգեւորում: Շատ է եղել, որ վնասվածքների պատճառով ընկճվել եմ, ցավեր եմ ունեցել, բայց նայել եմ Վահագնին, տեսել եմ, թե ինչպես է նա հաղթահարում այդ դժվարությունները, ցավերը, ուժեղացել եմ, ոգեշնչվել եւ շարունակել պայքարս: Վահագն Դավթյանն ինձ համար օրինակ է սպորտում:
Երբ հասկացա, որ չեմպիոն եմ դարձել, այդ ժամանակ դեռ չէի գիտակցում, որ Ալբեևտ Ազարյանից հետո, նրա հաղթանակից 71 տարի անց ես եմ առաջին ոսկե մեդալակիրն այս գործիքի վրա: Շատ ուրախացա այդ փաստից: Կձգտեմ, որ շարունակական լինի:
Առջեւում աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու երկու ամիս անց: Հանգստանալու ժամանակ չունենք: Կփորձեմ կրկնել կամ իմ հնարավորությունների չափով մեդալ նվաճել արդեն աշխարհի առաջնությունում:
Վարժությունս բարդացնելու մասին դեռ չենք քննարկել: Մարզիչներիս հետ կխորհրդակցենք եւ կհասկանանք, թե ինչպես ենք ներկայանալու աշխարհի առաջնությանը»,- ասաց Արթուր Ավետիսյանը:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-24-ն անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը փայլուն կատարմամբ մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվեց չեմպիոն: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը վաստակեց 14.400 միավոր:



