Սկանդալ օլիմպիական խաղերում. կյորլինգիստները մեղադրում են
Ձմեռային Օլիմպիական խաղերի կյորլինգի մրցաշարում լուրջ վեճ է ծագել «կրկնակի հպում» (double-touch) խախտման շուրջ։ Կանադայի տղամարդկանց և կանանց հավաքականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տղամարդկանց թիմը մեղադրվում են նույն կանոնի խախտման մեջ՝ քարը արձակելու պահին կրկնակի հպում կատարելու համար։
Կանադան, որը կյորլինգում համարվում է պատմական գերտերություն, այս խաղերում հայտնվել է դժվար իրավիճակում։ Խառը զույգերի կանադական թիմը չի կարողացել հասնել մեդալային փուլ, իսկ կանանց հավաքականը պարտությունների սահմանին է և այլևս չի կարող իրեն թույլ տալ սխալներ, եթե ցանկանում է պահպանել մրցունակ դիրքերը։
Ի՞նչ է պատահել
Ուրբաթ օրը շվեդ կյորլինգիստ Օսկար Էրիկսոնը կանադացի Մարկ Քենեդիին մեղադրել է քարի կրկնակի հպման մեջ։ Քենեդին արձագանքել է բարձրաձայն վեճով և հայհոյանքներով։ Շվեդական հեռուստատեսության տարածած տեսանյութը, որը արագորեն հայտնվել է սոցիալական ցանցերում, ըստ դիտարկումների, ցույց է տալիս կրկնակի հպման պահը։ Չնայած դրան՝ Քենեդին շարունակել է պնդել, որ մեղավոր չէ։ Այդ խաղում Կանադան հաղթել է 8։6 հաշվով։
Շաբաթ երեկոյան մրցավարները նույն խախտումը արձանագրել են Կանադայի կանանց հավաքականի առաջատար Ռեյչել Հոմանի գործողություններում՝ Շվեյցարիայի դեմ հանդիպման ընթացքում։ Խաղը կարճ ժամանակով դադարեցվել է, իսկ քարը հանվել է խաղից։ Հոմանը ցնցված է եղել և կտրականապես հերքել է մեղադրանքը։ Ավելի ուշ սոցցանցերում տարածված նոր տեսանյութը ևս ցույց է տվել կրկնակի հպման հնարավոր դրվագը։ Այդ հանդիպումը Կանադան պարտվել է 7։8 հաշվով։
Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև խաղի իններորդ էնդում մրցավարները հայտարարել են, որ շոտլանդացի կյորլինգիստ Բոբի Լեմմին քարը արձակելուց հետո կրկնակի հպում է կատարել։
Աշխարհի կյորլինգի ֆեդերացիան ընդգծել է, որ կրկնակի հպումը խստիվ արգելված է. «Քարի շարժման ընթացքում քարի գրանիտին ցանկացած հպում համարվում է խախտում և հանգեցնում է քարի խաղից հեռացման»։
Մարկ Քենեդին տեսանյութի հրապարակումից հետո նշել է. «Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի՝ «Դու միշտ կրկնակի հպո՞ւմ ես անում», ես անկեղծորեն կարող եմ ասել, որ այդ պահին չէի կարող վստահ լինել՝ հպում եղել է, թե ոչ»։
Ռեյչել Հոմանն իր հերթին հայտարարել է, որ հնարավոր է՝ իրեն թիրախավորել են՝ կապված տղամարդկանց հավաքականի շուրջ առաջացած սկանդալի հետ։



