երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցել է երեք մեդալակիր

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցել է երեք մեդալակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը. Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր

Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում:

Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:

  • Կիսվել: